«Մենք հասկանում ենք, որ եթե այսօր 200-300 հոգանոց հարսանիքներ լինեն, առաջին հերթին դա մեզ է վնաս». Ռեստորանների հայկական միության տնօրեն

Լուսանկարը՝ jam-news.net

Ռեստորաններում ընտանեկան արարողությունների հետ կապված սահմանափակումների վերացումը պետք է քայլ առ քայլ տեղի ունենա, որպեսզի համավարակի հետևանքով ոլորտը դարձյալ չփակվի։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով ոլորտին վերաբերող նոր կարգավորումներին։

«Սա միջանկյալ լուծման տարբերակ է։ Մենք հասկանում ենք, որ եթե այսօր 200-300 հոգանոց հարսանիքներ լինեն, առաջին հերթին դա հենց մեզ է վնաս՝ որպես երկրի քաղաքացու։ 

Երկրորդ՝ հենց բիզնեսին է վնաս, որովհետև եթե մեկ-երկու տեղ հիվանդացության դեպքեր գրանցվեն, ընդհանուր ոլորտը դարձյալ փակվելու է»,- «Մեդիալաբին» ասում է Վահե Գևորգյանը։

Կառավարությունն օգոստոսի 12-ին ընդունեց արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում։ Սակայն դրան զուգահեռ որոշ սահմանափակումներ վերացվում են։ 

Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե բաց, թե փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի սահմանած անվտանգության կանոնները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս փոփոխությունները կարող են ընդգրկել նաև անհատ կատարողների մասով մեղմացումներ։ «Խոսքս վերաբերում է ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչների, որոնց հնարավորություն կտրվի բացառապես բացօթյա հատվածներում և բացառապես կանոնների պահպանմամբ կազմակերպել գործունեություն»,- ասել էր Ավինյանը։

Ռեստորանային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, հիշեցնենք, վերջին շրջանում կառավարության շենքի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում՝ կառավարությունից պահանջելով թույլատրել իրենց աշխատել։

Վահե Գևորգյանի խոսքով՝ նախնական համաձայնություն կա կառավարության հետ, որ եթե մոտ երկու շաբաթ այս միտումը շարունակվի, այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածության թվերը նվազեն, նոր մեղմացում կլինի ոլորտում, այսինքն՝ ավելի շատ մարդու մասնակցությամբ կլինեն այդ միջոցառումները։

«Մեր գործընկերների հետ այդ մասին զրուցել ենք, խոսքը հանդիսությունների սրահներ ունեցող ռեստորանների մասին է, որովհետև միջոցառումները հիմնականում նրանք են անցկացնում։

Մենք հասկանում ենք, որ այդ գործընկերների վիճակը ծանր է, որովհետև մեծ միջոցառումների վրա է հիմնված նրանց բիզնեսը։

Բայց այս պահին, հաշվի առնելով, որ հանրային առողջության վերաբերյալ դեռևս կա վտանգ, մենք ինքներս ենք նրանց հետ բանակցել ու առաջարկել, որ քայլ առ քայլ այս մեղմացումները տեղի ունենան»,- ասում է Վահե Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ այս մեղմացումն ու կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունված աջակցության ծրագիրը էական նշանակություն ունեն ոլորտի համար։ 

«Մեր միությունն է այդ առաջարկությունն արել կառավարությանը, որ 9 ամիս շարունակ աշխատատեղերի պահպանման համար ոլորտին աջակցություն է լինելու։ 

Աջակցությունը ենթադրում է աշխատավարձի ֆոնդի 33 տոկոս փոխհատուցում նրանց համար, ովքեր շատ աշխատողներ են պահպանել, իսկ ովքեր ավելի քիչ՝ 25 տոկոս աջակցություն։ 

Այսպիսի նախադեպ չկա, պետության կողմից մասնավոր հատվածի համար այսպիսի 9-ամսյա աջակցության ծրագիր չի եղել։ Եվ դա 3-4 ամսվա աշխատանքի արդյունք է»,- հավելում է Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ոլորտի խնդիրները պետք է լուծվեն առանց քաղաքական մանիպուլյացիաների ու շահարկումների։ Ըստ Գևորգյանի՝ այսօր կան մարդիկ, որոնք փորձում են ոլորտի խնդիրները քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների ենթարկել՝ ընդհուպ առաջարկելով վերացնել արտակարգ դրությունը։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով հանրային սննդի ոլորտում մոտ 70 տոկոս անկում է գրանցվել՝ ասում է Վահե Գևորգյանը։ 

«Աշխատատեղերի կրճատման պրոցեսն արդեն սկսվել էր, նոր էր սկսվում, մենք փորձում էինք պահել, բայց հասկանալի է, որ սահմանափակ ռեսուրսով չենք կարող երկար պահել։ 

Դրա համար կառավարությանը ներկայացրել էինք, որ մենք երեք ամիս դիմացել ենք, բայց շատ դժվար է հետո դիմանալը, որովհետև «հետո»-ն, մենք գիտենք, որ մյուս տարի է։ Եվ դրա համար կառավարությունն ընդունեց մեր մտահոգությունը։ 

Աշխատատեղերի պահպանման առումով ունենք փոխադարձ շահեր, որովհետև կառավարությունը սրանով նաև սոցիալական խնդիր է լուծում, իսկ մենք՝ մեր աշխատատեղերի պահպանման խնդիրը»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վերահսկողությունը պատշա՞ճ կլինի, կամ բիզնեսի մոտ կա՞ այդ գիտակցումը, որ պետք է պահպանել կանոնները, որ սահմանված թվից ավելի մարդիկ չմասնակցեն այդ միջոցառումներին,Վահե Գևորգյանը պատասխանեց. 

«Մեր գործընկերային պայմանավորվածությունն այն է, որ եթե լինում է մեղմացում, մենք էլ մեր կողմից աշխատում ենք, որ այդ կանոնները պահպանվեն։ Մենք միշտ կոչ ենք արել, որ հնարավորինս պետք է պահպանվեն կանոնները, որովհետև դրա մյուս քայլը ավելի բարելավում է լինելու»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am