Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը

Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համբուրել է մահացած զինվորի ճակատը, որի դին հուղարկավորելու փոխարեն, հարազատները փորձում էին բերել Երեւան՝  ի նշան բողոքի, սակայն հետ վերադարձան գյուղ ու հուղարկավորեցին, այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ լինելու է արդարադատություն եւ մեղավորը պատժվելու է, ով էլ որ լինի:

Հուզիչ է իհարկե, երբ պաշտպանության նախարարը համբուրում է մահացած զինվորի ճակատը՝ նրան հողին հանձնելուց առաջ: Բայց այստեղ կարծես թե կա մի էական հարց. Իսկ ինչո՞վ էր առանձնահատուկ սպանված այս զինվորը բոլոր նրանցից, ովքեր նույնպես սպանվել են բանակում, խաղաղ պայմաններում, ծառայակցի կամ հրամանատարի ձեռքով, կամ նրանց ձեռքով հասցվել ինքնասպանության: Չէ՞ որ նրանցից որեւէ մեկի թաղմանը պաշտպանության նախարարը չի էլ մասնակցել անգամ:

Թե՞ մասնակցությունն ու հրաժեշտի համբույրը ճակատին լինում է այն ժամանակ, երբ հարազատները որոշում են բողոքի հուսահատական դրսեւորումների դիմել: Այդ դեպքում նախարարի հրաժեշտը վերածվում է պարզապես սովորական PR-ի:

Մյուս կողմից, հուսահատական բողոքից հետո պաշտպանության նախարարի հրաժեշտի համբույրը սպանված զինվորի ճակատին, գուցե լիովին այլ բան է խորհրդանշում: Սեյրան Օհանյանն այդպիսով ըստ ամենայնի պարզապես հայտնում էր իր անզորությունը համակարգի դեմ: Երբ ձախողվում է բանակի կառավարումն ու չի հաջողվում լուծել կանոնադրական կարգի հաստատման փաստացի կենսական, զինվորների կյանքեր արժեցող խնդիրը, մնում է պարզապես համբուրել մահացածների ճակատն ու դրանով մեղմել այն ցասումը, որ կուտակվում է ծնողների ու հասարակության մոտ:

Բայց, տվյալ իրավիճակում, Սեյրան Օհանյանին ոչ ոք չի կարող օգնել, Սերժ Սարգսյանից բացի իհարկե: Իրավիճակը շատ պարզ է: Հայկական բանակի կառավաման համակարգը ունի արմատական վերանայման կարիք: Արմատական վերանայում ասվածն ամենեւին չի նշանակում կադրային ջարդ բանակի հրամկազմում: Արմատական վերանայում ասվածը նշանակում է նախ եւ առաջ մոտեցումների վերանայում, փիլիսոփայության վերանայում, պատասխանատվության մեխանիզմի վերանայում, վերահսկողական մեխանիզմի կառուցվածքային վերանայում եւ անհրաժեշտության դեպքում նորամուծություններ, անկախ կառույցների ձեւավորում: Այդ ամենի դեպքում, ընդամենը մեկ-երկու մարդու փոփոխությունը կարող է բերել շոշափելի արդյունքի, առավել եւս, որ առաջին իսկ տեսանելի, առարկայական փոփոխություններից հետո հասարակությունը կդառնա դրանք իրականացնող նախարարի ամենազորեղ գործընկերն ու զինակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ