Ռուսաց լեզվով դպրոցների թիվը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի թիվը, դրանց մեծ մասը Հայաստանում անօրինական է. Աշոտ Բլեյան

Լուսանկարը՝ «Բուն TV»

Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հայկական կողմի ցանկությամբ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի, հասցրել է բուռն քննադատությունների արժանանալ: Ձեր դիրքորոշումը ո՞րն է այս առնչությամբ:

– Քանի որ խոսում ենք Հայաստանի պետության մասին, չենք ուզում այդքան հեշտ տրվել ոչ պետական գործունեության, որովհետև պետությունն այնքան թանկ է ձեռք բերվել, որ չենք ուզում այդքան հեշտ կորցնել: 

Իմ պատկերացմամբ՝ պետությունը ես եմ ու ես այդպիսի առաջարկ չէի անի ռուսական կողմին, երբ կպչում են իմ լեզվին, իսկ դպրոցն ու լեզուն, դպրոցն ու գրականությունն ինձ համար անբաժան միասնություն են: Ես ասում եմ՝ ձեռքերդ հեռու իմ լեզվից, իմ դպրոցից, դա իմն է ու դա իմ պաշտպանության ներքո է: 

Դրա համար որ ասում եք՝ պետություն, հայկական կողմ, պետք է ասեք՝ ո՞վ է ասել, այդ պետական մարմինը, պաշտոնյան ո՞վ է, որովհետև այդպիսի լիազորություն իրենք չունեն: Ա՛յ որ դա ասեք, Լավրովի հետ չենք խոսի, այդ մարդու հետ կխոսենք: 

Կարող է հիմա խոսեն, խոսենք, ու պարզվի, որ նման բան չկա, որովհետև ամեն ինչ կարգավորված է: Եթե Հայաստանում խնդիր կա, ապա անօրինական գործող ռուսաց լեզվով դպրոցներն են, որովհետև օրենքով կարգավորված է, որ օտար լեզվով, այդ թվում՝ ռուսերենով, քանի դպրոց Հայաստանում կարող է լինել: Ռուսաց լեզվով դպրոցների թիվը մի քանի անգամ արդեն իսկ գերազանցում է թույլատրելի թիվը, դրանց մեծ մասը Հայաստանում անօրինական է: Սա կարծիք չէ, փաստ է, որը ներկայացնում եմ, այսինքն՝ այս խնդրով պետք է զբաղվել:

Հիմա որտե՞ղ կան հայոց լեզվով ուսուցման պետական դպրոցներ. Ռուսաստանում չկան, բայց մեծ թվով ազգությամբ հայեր կան, չէ՞, այնտեղ: Հայոց լեզվով ուսուցման դպրոցներ, որոնք ինձ հայտնի են, Սիրիայում կարծեմ կան և Վրաստանում՝ նկատի ունեմ Ջավախքի դպրոցները: 

Մեզ մոտ ռուսական համայնք էլ չկա, եղածն էլ հաստատ կսպասարկվի մի քանի դպրոցի միջոցով, իսկ մենք ունենք մի քանի տասնյակ ռուսաց լեզվով ուսուցման դպրոցներ Հայաստանում: 

Այսինքն՝ օրենքով կարգավորված է, դրա համար այն պաշտոնատար անձը, որը խոսում է այդ մասին, պետք է բաց, հստակ խոսի, և ես պատրաստ եմ լսելու այդ մարդուն: Վտանգավոր է, որ իրենք չեն արձագանքում, բա պետական մարմինն ինչի՞ համար է, բա արտգործնախարարությունն ինչի՞ համար է: 

Մենք հիմա որ ասում ենք՝ հայերեն, պիտի նկատի ունենանք ոչ միայն այսօրվա արևելահայերենը, որը գործածում ենք, այլև պետք է նկատի ունենանք արևմտահայերենը, գրաբարը, բարբառները, դրանց պաշտպանությունը, որովհետև գրաբարը միայն եկեղեցիներում պատարագների ժամանակ է օգտագործվում, այն էլ՝ հատվածաբար, բարբառները՝ ընդհանրապես, անգամ տներում մարդիկ սկսել են չօգտագործել, էլ չեմ ասում արևմտահայերենի մասին: 

Ո՞վ, եթե ոչ Հայաստանը, հենց Սահմանադրությամբ ունենալով այդպիսի անօտարելի պատասխանատվություն, պետք է դրանով զբաղվեր: Մեր պետական դպրոցի ուսուցիչը ոչ միայն մայրենիի, այլև պետք է իմ ասած՝ հայերենի կրողը լիներ, ինչի ուղղությամբ, օրինակ՝ աշխատում են մեր կրթահամալիրում: 

Եթե դրա համար պետք  են լրացուցիչ ջանքեր, վճարներ, իհարկե պետք էր ապահովել ու ներդնել այդ ամենը, ոչ թե այդ անգիր դպրոցի վրա ծախսվեին գումարները: Այ սա՛ է խնդիր, որով պետք է զբաղվել:

– Այս համատեքստում նաև հնչեցին կարծիքներ, որ Հայաստանում անհրաժեշտ է ազգային կրթություն: Համաձա՞յն եք այս կարծիքներին:

– Հայաստանի հանրային դպրոցները, որտեղ 90-ից ավելի տոկոսը ծնունդով հայեր են՝ իրենց գիտակցումով, ամեն ինչով, չեն կարող ազգային չլինել, որովհետև չի հասկացվի՝ պետություն ստեղծել ենք, որն իր գլխավոր գործառույթը չի կատարում, հա՞: 

Այդ պարագայում ստացվում է, որ դա իմաստազուրկ պետություն է, իր գլխավոր կոչումից հեռանում է: Այսինքն՝ կրթությունը, դպրոցը բովանդակությամբ ազգային են, իսկ ձևով՝ մանկավարժական, միասնական, եթե կուզեք, որովհետև երեխան՝ որպես Աստծո ստեղծած արարած, մեկ է, սա է, որ չի հասկացվում: Պետությունն էլ իր գործառույթն ունի դպրոցում՝ պահպանել իր ժողովրդին իր նիստուկացով, ավանդույթներով, դա այնքան պարզ է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am