Նախագահը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց նախագիծը. Նա դիմել է ՍԴ

Նախագահը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց նախագիծը. Նա դիմել է ՍԴ
Նախագահը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց նախագիծը. Նա դիմել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը և դիմել է ՍԴ:

Այդ մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարությունից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Արմեն Սարգսյանը «պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա»:

«Այս մոտեցումն ընկած էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու առաջին փորձի հիմքում, երբ հաշվի առնելով տարբեր քննարկումների ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկները, նախագահ Սարգսյանը նախաձեռնեց թեկնածու առաջադրելու նպատակով խորհրդատվական գործընթաց: Նույն մոտեցումն է գործում նաև յուրաքանչյուր օրենք ստորագրելիս: Լինի դա նոր ընդունված օրենք, թե գործող օրենքում փոփոխություն, այն ստորագրելու համար նախագահը և իր աշխատակազմը համակարգային վերլուծում են՝ թե արդյոք առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, որքանով է նոր օրենքը կամ օրենսդրական փոփոխությունը նպաստում կոնկրետ խնդրի լուծմանը, գնահատվել են արդյոք ազդեցության հավանական զարգացումները: Բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և ծառայեն իրենց նպատակներին՝ միտված լինելով կոնկրետ խնդիրների կանոնակարգմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ըստ այդմ, Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց, իսկ օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը:

«Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:

Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»,- փոխանցում են նախագահականից:

Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ի երեք խմբակցությունների` ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված անսպասելի քվեարկությամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքում ընդունված փոփոխությունների մասին է, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվանել էր հակահեղափոխական` նշելով, որ այդ փոփոխությունն արվել էր այն բանի համար, որպեսզի փորձ արվեր կանխվեր ԱԺ լուծարումը: