Համավարակի դեմ պայքարի ընթացքում առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերած բուժաշխատողները խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի մի շարք բուժաշխատողների հետ` շնորհավորելով նրանց Բուժաշխատողի օրվա առթիվ:

Մարզպետն իր ողջույնի խոսքում նշեց, որ արտակարգ դրության այս պայմաններում, ի դեմս ներկա գտնվող բուժաշխատողների, ուշադրության և խրախուսանքի են արժանի նաև մարզի մնացած բոլոր բուժաշխատողները, կամավորները, շտապօգնության վարորդներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, քանզի յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում անում է հնարավորը ստեղծված իրավիճակի մեղմման հարցում:

«Հարգելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ, եղեք առողջ և երջանիկ: Բոլոր բուժաշխատողներին էլ կարիք կա՝ շնորհակալություն հայտնելու: Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, փորձեցինք ընտրել հատկապես այն բուժաշխատողներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդրել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքում:Այս բարդ ժամանակահատվածում դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, թե որքան կարևոր է ձեր մասնագիտությունը և որքան պատվով եք դուք ձեր աշխատանքն իրականացնում:

Այն օջախները, որոնք ի հայտ եկան համաճարակի ընթացքում, հաղթահարվեցին ձեր մասնագիտական թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքում: Մենք նախատեսում ենք այս իրավիճակից դուրս գալուց հետո բոլոր բուժաշխատողներին մեր շնորհակալությունը հայտնել առանձնահատուկ, համատեղ քննարկել ձեր աշխատանքում առկա թերությունները, դրանք շուտափույթ շտկել, որպեսզի դուք աշխատեք ավելի արդյունավետ պայմաններում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Գնել Սանոսյանը խոսեց նաև Մարտունու բժշկական կենտրոնում առաջիկայում բացվող նոր բաժանմունքի մասին, որտեղ կբուժվեն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները, նշելով, որ այնտեղ կաշխատեն նաև այն բուժաշխատողները, ովքեր այս ընթացքում լավագույնս են ցուցաբերել իրենց մասնագիտական կարողությունները:

Մասնագիտական բարձր պատրաստակամության և ՀՀ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության /COVID19/ տարածման պայմաններում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Սեւանի ԲԿ բժիշկ Գևորգ Ստեփանյանին, Ծովագյուղի ԱԱՊԿ բժիշկ Վիգեն Մկրտչյանին, Սեւանի ԲԿ բուժքույր Սիրուն Գալստյանին, Գավառի ԲԿ բուժքույր Սուսաննա Ասոյանին, Մարտունու ԲԿ բժիշկներ Մետաքսյա Դարբինյանին, Կարինե Բաղդասարյանին, բուժքույր Ալլա Ասպատուրյանին, Գավառի պոլիկլինիկայի բժիշկ Արման Բախտիկյանին, Վարդենիսի հիվանդանոցի բժիշկ Շահեն Շահինյանին, բուժքույր Դարիկո Հովհաննիսյանին, Վարդենիսի պոլիկլինիկայի օպերատոր Մանյակ Խչեյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բժիշկ Մարգարիտա Սիմոնյանին, բժիշկ, կամավորներ Սուսաննա Ստեփանյանին, Հրաչուհի Մելքոնյանին, Գավառի ԲԿ շտապ օգնության վարորդ Արմեն Խաչատրյանին, Մարտունու ԲԿ շտապօգնության վարորդներ Մկրտիչ Զաքարյանին, Արտակ Խլղաթյանին, Միրզաջան Մարգարյանին, Սարիբեկ Սարգսյանին, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության վարորդ Աշոտ Ղարիբյանին, Հայկ Ղարիբյանին, Արթուր Բարսեղյանին, Վահան Ղազարյանին:

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրված բուժաշխատողները եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք մարզպետի կողմից արժանացան նաեւ դրամական խրախուսանքի:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։