Արցախում պետք է սկսեն քանդել Ռուսաստանի ստեղծած անվտանգային ճարտարապետությունը, որովհետև այն չի գործում. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, ադրբեջանական երեկվա դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով Արցախում զոհվեց երեք մարդ, ի՞նչ նպատակ էր հետապնդում, և ո՞վ է այս ամենի պատասխանատուն։

– Ակնհայտ է, որ նպատակն Արցախի ու Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի «բանակցություններում», որոնք Ստեփանակերտի ու Բաքվի միջև ընթանում են, որոնք իրականում քննարկումներ են, Ադրբեջանը հասնի իր նպատակին, այն է՝ Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի կազմում։ 

Միակ պատասխանատուն Իլհամ Ալիևն է, ես կուզեի հատուկ նշել, որ մնացած բոլոր կողմերը, խոսքս և՛ միջնորդների մասին է՝ Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա իհարկե, և՛ Երևանի ու, ինչը շատ պարադոքսալ է, Ստեփանակերտի մասին, բոլորը փորձում են պատասխանատվությունից խուսափել, իսկ սա այն դեպքում, երբ այս իրավիճակը, որը ստեղծվել է, թիվ մեկ պատասխանատուն Ռուսաստանն է, որոշակի պատասխանատվություն՝ որպես Մինսկի համանախագահող երկրներ կրում են նաև Եվրամիությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

– Իսկ ո՞վ պետք է ստիպի Ադրբեջանին պատասխանատվություն կրել այս ամենի համար, որովհետև, ինչպես տեսնում ենք, այս երկիրը չի անսում ո՛չ Հաագայի դատարանի որոշմանը, ո՛չ միջազգային որևէ կոչերի։

– Այստեղ էլ է ամեն ինչ բավականին հստակ, եթե թղթով ենք առաջնորդվում, ապա միանշանակ պետք է ստիպի Մոսկվան, որն այս ամեն ինչի իրականացնողներից մեկն ու քավորն է, ու թղթով ամրագրված է, որ անվտանգությունն Արցախում պետք է ապահովի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Որևէ փաստաթուղթ, որտեղ պետք է գրված լինի, որ դա պետք է ապահովի ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, գոյություն չունի բնության մեջ, սա փաստ է։ 

Եթե այս անվտանգային ճարտարապետությունը, որը ստեղծել է Ռուսաստանը, չի գործում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի դեպքում, միակ ելքն այդ ճարտարապետության քանդումն է ու նորի ստեղծումը։ Այլընտրանք չկա, այս ճարտարապետությունը չի գործում ու չի գործելու, փաստ է, միակ ելքը դրա քանդումն է։ Չեմ ասում, թե դա հեշտ բան է, բայց այդ քայլերն անխուսափելի են։ 

Այդ ճարտարապետության քանդման առաջին քայլը Հայաստանն արել է, տեղակայել է իր տարածքում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը: Մի քանի ամիս առաջ մենք չէինք կարող դրա մասին երազել կամ պատկերացնել անգամ, հիմա էլ նույնը պետք է անել Արցախում: Ինչպե՞ս՝ սկսել քանդել գործող ճարտարապետությունը ոչ թե այն պատճառով, որ արևմտյանն ավելի լավ է, այլ այն պատճառով, որ գործողը չի գործում, դա փաստ է: Երեք հոգի սպանեցին երեկ, ի՞նչ, սպասենք, որ էլի՞ սպանեն։ 

Լուծումը սա է, որովհետև այլ լուծում չկա, ես չեմ ասում, թե դա հեշտ է, ու եթե սա արեցինք, ամեն բան կկարգավորվի, բայց շարունակել այսպես, ինչպես կա, նշանակում է մեր հայրենակիցների կյանքերը դնել վտանգի տակ։ 

– Հայաստանը կգնա՞ ձեր ասած ճարտարապետության քանդման Արցախում, եթե նկատի ունենանք այն, որ գործող իշխանությունն ասում է, որ պետք Ստեփանակերտն ու Բաքուն ուղիղ երկխոսեն ու հարցերն իրենք կարգավորեն, պարո՛ն Ստեփանյան։

– Հայաստանի այդ դիրքորոշումն ունի շատ ռացիոնալ հիմք, որովհետև եթե ուղիղ շփումները չեղան, ու արցախցիների փոխարեն բանակցությունները վարեց Հայաստանը, ապա Ալիևը միանգամից նշաձողը հերթական անգամ բարձրացնելու է, ու բանակցությունները կբերի առևտրի, որտեղ սեղանին դրված կլինեն արդեն ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի տարածքը: Դիրքորոշման հիմքը սա է, ու ես կիսում եմ այն, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եթե այս հանգամանքը չլիներ, միանշանակ Հայաստանը կարող էր բանակցել Արցախի շուրջ։

– Իսկ հիմա, եթե Հայաստանն սկսում է այդ «ճարտարապետությունը քանդելու» գործընթաց, չի՞ ստացվում, որ Արցախի փոխարեն Հայաստանն է որոշում կայացնում։

– Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Արցախի մեր հայրենակիցները ոչ միայն դեմ չեն լինի դրան, այլև կողջունեն։ Սովորական մարդկանց համար կարևոր չէ, թե ով է ապահովում այդ անվտանգությունը, կարևորը, որ այդ անվտանգությունն ապահովվի։ Փաստն այն է, որ Ռուսաստանը չի ապահովում անվտանգությունը, եթե չի ապահովում, ապա Արցախի ժողովուրդը միայն կողջունի Հայաստանի այդ քայլը: 

Իհարկե, այնտեղ էլ կան առանձին էլեմենտներ, հատկապես իշխանության կազմում, որոնք պատրաստ են ամեն ինչի, միայն թե ռուսներին թթու խոսք չասեն: Չեմ կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված, բայց Արցախի քաղաքական վերնախավում այդ մարդիկ բավականին շատ են, որոնք պատրաստ են այնտեղ բոլորին սպանել, ոչնչացնել, միայն թե իրենց իշխանությունը չկորցնեն ու ռուսին թթու խոսք չասեն։

Այս խմբի ներկայացուցիչները, հնարավոր է՝ ասեն, որ եվրոպացի դիտորդներ պետք չեն, բայց ժողովուրդը միանշանակ դրան կողմ կլինի, որովհետև այդ մարդիկ գոյաբանական խնդրի առաջ են կանգնած։

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ Ստեփանակերտ-Բաքու այդ ուղիղ շփումը որքանո՞վ է արդյունավետ լինելու։

– Արդեն իսկ արդյունավետ չէ, որովհետև երբ մարտի 1-ին կողմերը հանդիպեցին, նույն օրը երեկոյան ադրբեջանցիները կրակեցին Մարտունու վրա։ Այն, ինչ կատարվեց երեկ, միայն ամրապնդեց այն, որ այդ շփումներն արդյունավետ չեն ու չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի Բաքվի ու Ստեփանակերտի մոտիվացիան ու եղած նպատակները ոչ միայն իրար չեն համապատասխանում, այլ նաև 180 աստիճանով հակասում են։ 

– Այսինքն՝ ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում եք այն, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ Արցախում և՞ս միջազգային խաղարարար ուժեր տեղակայվեն։

– Այո՛, ցավոք սրտի, դա այսօր հնարավոր միակ լուծումն է։ Ես չեմ կարող սրա մասին հստակ խոսել, բայց նաև կարելի է Արցախում իշխանափոխություն անել, իշխանությունը տալ, օրինակ՝ Սամվել Բաբայանին, քանի որ միակ մարդն է, որն այսօր պատրաստ է պատասխանատվությունը վերցնել իր վրա։ 

Պարոն Բաբայանը դա արել է 1992 թվականին ու արել է հաջողությամբ, երբ Արցախը գտնվում էր մոտավորապես նույն կրիտիկական վիճակում։ Ես կարծում եմ, որ նա արեց այն, ինչ ոչ ոք չէր ուզում անել, ոչ ոք չէր վերցնում պատասխանատվությունն իր վրա, նա վերցրեց այդ պատասխանատվությունն իր վրա ու հասավ իշխանության։ 

Այսօր նա միակ մարդն է, որը համաձայն է հիմա էլ այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա, միգուցե պետք է նրա՞ն տալ այդ հնարավորությունը, չգիտեմ։ Փաստն այն է, որ Արցախի իշխանությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից, իսկ Սամվել Բաբայանը ուզում է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ 

Այս երկու հնարավորությունն է հիմա, որն իրատեսական է․ առաջինը միջազգային մանդատն է, իսկ երկրորդը՝ փորձել կոնսոլիդացնել հասարակությունը նույն Արցախում, փորձել ներսի ուժերով այդ հարցերը լուծել, տալ հնարավորություն պարոն Բաբայանին անել այն, ինչ փորձում է անել, երրորդ հնարավորություն չկա ուղղակի։

Քրիստինե Աղաբեկյան

Լուսանկարը՝ անձնական արխիվ

Medialab.am