Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Արթուր Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։

«Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձնանց հետ, որոնք հնարավոր է՝ վկայած լինեն իր դեմ եւ բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքը առաջադրելու համար։ Մենք չենք պատկերացնում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում»,-լրագրողներին ասել է փաստաբանը։