Մոսկվան եւ Վաշինգտոնը հարգում են խաղի կանոնները` ոճային տարբերություններով

Մոսկվան եւ Վաշինգտոնը հարգում են խաղի կանոնները` ոճային տարբերություններով
Մոսկվան եւ Վաշինգտոնը հարգում են խաղի կանոնները` ոճային տարբերություններով

Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:

Ավելի ուշ,  ԱՄՆ պետքարտուղարության բանբեր Մերի Հարֆը, պատասխանելով Ադրբեջանի կողմից հայկական սահմանի վրա կատարված վերջին հարձակման մասին հարցմանը` ասել էր, թե մինչ այժմ ամբողջական տեղեկություններ չունի միջադեպի մասին, խոստանալով այդ մասին խորհրդակցել պաշտոնատարների հետ` հավելյալ տեղեկություններ ապահովելու նպատակով:

Այստեղ, տրամաբանությունը շատ այլընտրանքային պատասխանների առիթ չի տալիս: Կա՛մ այն է, որ իսկապես Հարֆը իրազեկված չէ պատահարներից եւ կա՛մ էլ խուսափել է ավելի մասնակի պատասխան տալուց` պատասխանատվության հավասարեցման կանոնը խախտած չլինելու համար: Բայց նախքան Հարֆի խուսափողական պատասխան տալը, թեկուզ նույն կանոնի հարգումով, պետքարտուղարության կողմից նման հայտարարություն հրապարակելը կացության լարվածությունը ընդգծելու է միտում:

Այս կանոնը հարգվում է նաեւ հակամարտության լուծման համար միջնորդություն ստանձնած մյուս համանախագահող երկրի` Ռուսաստանի Դաշնության կողմից: Այստեղ սակայն, անկախ Հայաստանի հետ ռազմավարական հատուկ գործընկերության հանգամանքից, Ռուսաստանը համարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր ուժը, որի հիմնադրույթներից է անդամ ցանկացած երկրի նկատմամբ կատարված ոտնձգությունները կանխարգելելը կամ կատարվածը ամբողջ ռազմական դաշինքի բաղադրիչների նկատմամբ ընկալելն ու համարժեք արձագանգ ունենալը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական արձագանքումները եւս որոշ խուսափողականություն են կրում, Հարֆի անտեղյակությունը հիշեցնող առաջին հայտարարությամբ եւ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարության բանբերի հայտարարությանը համահունչ կոչով:

Պաշտոնական Մոսկվայի հրապարակած կոչում զգուշացման բաժին  կա հետագա դեպքերի լրջագույն բարդացման եւ անխուսափելի բացասական հետեւանքների մասին: Լարվածության հետագա ծավալման դեպքում, անխուսափելի են բացասական հետեւանքները ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի համար: «Կարող է լրջորեն բարդանալ իրագործումը այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք  են բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական վեհաժողովում», ընդգծել է Ռուսասատանի արտաքին գործերի նախարարությունը:

Այս զգուշացումը կարող է անպայման չմեկնաբանվել  ռուսական միջամտության ահազանգով, մանավանդ, որ առաջին անգամը չէ, որ զգուշացման բովանդակությամբ հայտարարություն է հրապարակվում համանախագահող երկրի կողմից: Երանգային տարբերությունն այն է, որ եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ԱՄՆ պետքարտողարության հայտարարությունների միջեւ նմանությունն ու մոտեցումը ավելի են համընկնում, Վաշինգտոնի եւ Մոսկվայի կատարած հայտարարություններում ընդհանուր մոտեցումն ու պատասխանատվության հավասարեցման կանոնները հարգելու երեւույթին առընթեր նկատվում է որոշակի  տարբերություն:

Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան պարզ  է դարձնում, որ նա մանրամասնորեն իրազեկ է պատահարներից: Աւելին. Մոսկվան հայտարարում է, որ դեպքերի նման լարվածությամբ զարգացումը կարող է հանգեցնել լրջագույն բարդությունների եւ անխուսափելի բացասական հետեւանքների:

Այս հավելվածական զգուշացում-կոչերին դեռեվս կարող է  համընկնող հայտարարություն կատարել Վաշինգտոնը, որի բանբերը ի պատասխան հայ լրագրողին, խոստացել էր այդ մասին խորհրդակցել պաշտոնատարների հետ` հավելյալ տեղեկություններ ապահովելու նպատակով, տրված լինելով, որ չէր տիրապետում պատահարների ծալքերին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am