«Եղբորս կորուստը կյանքիս ամենամեծ կորուստն է, իսկ սա փորձություն չեմ համարում»․ Էլինան՝ Արցախից․ «Ուժեղ ենք, չենք ընկճվում»

Ստեփանակերտն այսօր

Էլինա Դոլուխանյանի կյանքը շուրջ 2,5 տարի է՝ ամբողջովին փոխվել է։ 44-օրյա պատերազմում ծանր կորուստներ է ունեցել, մարտի դաշտում զոհվել է եղբայրը, Շուշին, որտեղ կառուցել էին իրենց տունը, անցել է թշնամուն։ 

Կորուստներից հետո կյանքը Ստեփանակերտում է սկսել դասավորել և կրկին փորձություն՝ երկու ամսից ավելի է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից արգելափակելու հետևանքով Արցախում ապրող 120 հազար բնակչի հետ Էլինան շրջափակման մեջ է հայտնվել։ Չնայած այս ամենին՝ չի ընկճվում, ասում է՝ դժվարություններ կան, բայց հաղթահարելի են, շարունակելու է ապրել Արցախում, քանի որ այլ կերպ չի պատկերացնում․

«Եղբորս կորուստը կյանքիս ամենամեծ կորուստն է, որ երբևէ ունեցել եմ, ամենաանհաղթահարելի դժվարությունն է, էդ կարոտը, որ գնալով սաստկանում է, իսկ սա փորձություն չեմ համարում, ուղղակի խելագարվում եմ էն փաստից, որ հնարավոր ա՝ մի օր Արցախի էս մի բուռն էլ կորցնենք։ Դա կնշանակի, որ եղբորս թափած արյունը անիմաստ է եղել։

Էսպես գոնե մեզ հույս ենք տալիս, որ Արցախից էս մի բուռը մնացել ա իրանց շնորհիվ, հետո եղբայրս Արցախում ա հանգչում, չեմ ուզում մտածեմ, որ ստիպված մի օր էլ էս հողակտորից կհրաժարվենք, ինձ թվում ա՝ չի լինի էդ օրը։ Հանուն մեր ընկած տղաների պետք ա ուժեղ լինենք ու Արցախից ոչ մի քայլ չհեռանանք, մեր ապրողների պարտականությունն ա՝ էստեղ լինել, ապրել էս հողում, որի համար տղերքը ընկել են»,- «Մեդիալաբին» ասում է 24-ամյա Էլինան։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը գրեթե 80 օր է՝ փակ է՝ ադրբեջանցի բնապահպան ներկայացող խմբի կողմից։ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։ 

Էլինա Դոլուխանյանը պատերազմի ժամանակ տեղափոխվել էր Հայաստան, մեկ տարի առաջ կրկին Արցախ է վերադարձել, քանի որ հայրենիքից հեռու գտնվելը իր համար չէր:

«Եկանք Արցախ, քանի որ չէինք կարողանում հայրենի հողից հեռու, էստեղ ենք, էստեղից դուրս գալու նպատակներ, պլաններ չունենք, քանի որ մեր հայրենիքն ա, կապ չունի՝ Շուշիում կապրենք, թե Ստեփանակերտում»,- ասում է նա։

Էլինան պատմում է, որ շրջափակման լուրը անակնկալի չբերեց իրեն, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ Արցախում ապրողները գիտեն, որ թշնամուն մոտ լինելը ինչ վտանգ է ներկայացնում:

«Բայց, անկեղծ, ոչ մեկս չէինք սպասում, որ շրջափակումն էսքան երկար կտևի, բայց չենք ընկճվում, ուժեղ ենք, հուսանք՝ մոտ ժամանակներս ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Էլինան։

Էլինայի խոսքով՝ այս օրերի հիմնական դժվարությունները կապված են սննդի ու դեղորայքի հետ, քանի որ տանը երեխա ունեն, և անհրաժեշտ դեղորայքի կամ սննդի կարիք է լինում, որը բացակայում է․ «Միրգ-բանջարեղենը իսպառ բացակայում են Արցախում, բալիկ ունենք տանը, դեղորայքն ա հիմնականում խնդիր։ Հերթերի հարցն ա նաև բավականին բարդ, աշխատող մարդիկ կհասկանան, չեն կարող առավոտից երեկո գնան, հերթերում կանգնեն»։

Անկախ դժվարություններից, Էլինան ասում է՝ ապրում են այնպես, ինչպես մինչև շրջափակումը։ Աշխատանքի է գնում, գործավար է աշխատում, աշխատավայրը մոտ է, ոտքով է գնում, բայց երթուղայինները ևս աշխատում են, չնայած կիսով չափով կրճատվել են։

«Ոչ մի բան չի փոխվել»,- ասում է ու նշում, որ ստեղծագործական աշխատանքն է հիմա դադարեցրել՝ իրավիճակով պայմանավորված։ 

«Հիմնական աշխատանքիցս բացի, տանը հելունով ձեռագործ պայուսակներ էի պատրաստում, ճանապարհը որ փակվել է, էդ ուղղությամբ ա ազդել իմ գործունեության վրա, քանի որ հումքը՝ թելերը, նյութերը, Հայաստանից էի պատվիրում: Երկու ծանրոց ունեմ, եկել-մնացել ա ճանապարհին, երևի Գորիսում է, տեղ չի հասել, էդ առումով պասիվացրել եմ գործունեությունս»,- պատմում է Էլինան։

Էլինան ասում է՝ լինում են պահեր, երբ թևաթափ են լինում, բայց քիչ անց միմյանց ուժ են տալիս, որ ամուր լինեն:

«Այլ տարբերակ չկա, պետք ա ուժեղ լինենք, ադրբեջանցիների կողմից հերթական մարտահրավերն ա՝ նետված արցախահայերին, մենք պետք է ցույց տանք, որ միասնական ենք, ուժեղ ենք, ամուր կանգնած մեր հողին։ Էստեղից գնալու տեղ չունենք, ժամանակի հարց ա, ինձ թվում ա՝ ամեն ինչ լավ կլինի»։

Էլինայի խոսքով՝ Հայաստանում ապրող ծանոթներն ավելի անհանգիստ են, քանի որ հեռավորության պայմաններում չգիտեն՝ ինչ իրավիճակ է։

«Շատ են մտածում մեր մասին, էնտեղ ավելի ընկճված տրամադրություն ա, քան Արցախում։ Ես էստեղից փորձում եմ իրանց միշտ հանգստացնել, որ էդքան էլ մտահոգվելու կարիք չկա, լավ ենք»։

Էլինան հույս է հայտնում, որ շարունակելու է ընտանիքի հետ ապրել ու ստեղծագործել Արցախում։

«Ապագան պատկերացնում եմ, որ լուսավոր կլինի, այլ կերպ չի լինի, էստեղ ենք մնալու, Արցախից չենք հեռանա, թող թուրքն էլ տեսնի, թող ինքը զիջի, համակերպվի, արցախցին Արցախը չի լքելու։ Անելիքներս բազմաթիվ են, պլաններս Արցախի հետ են կապված, էստեղ ապրեմ, ստեղծագործեմ, շենացնենք Արցախը»,- ասում է Էլինան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am