«Անտիվաքսեր եղել են, կան ու լինելու են, և նրանց ուժ է հաղորդում պետական կառույցների ոչ պրոֆեսիոնալիզմը». Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Հայաստանում ապրիլ ամսից պատվաստումներ են, բայց առողջապահության նախարարը, օրինակ՝ դժգոհում է, որ այդ գործընթացին խանգարում են, և անհրաժեշտ քանակի պատվաստում հնարավոր չէ ապահովել: Ի՞նչ իրավիճակ է սա:

– Շատ ցավալի իրավիճակ է: Ես երբեք չեմ կարծել, որ մեր հասարակությունը աշխարհի ամենազարգացած հասարակությունն է համարվում: Հակառակը՝ մենք շատ կրթվելու տեղ ունենք և պետք է նայենք աշխարհի զարգացած երկրներին:

Բայց մյուս կողմից՝ շատ երկար ժամանակ փորձ է արվում գործադիրից եկող սխալները բարդել հասարակական վարքի վրա այն դեպքում, երբ հասարակական վարքի դրսևորման առանցքային ուղղորդումը գալիս է նրանից, թե ինչպես է գործադիրն աշխատում հասարակության հետ:

Պատվաստումները, անկասկած, կարևորագույն միջոց են քովիդի դեմ պայքարում: Բայց բոլորին արդեն հայտնի է, որ միայն պատվաստումը հարցի լուծում չէ: Այս դեպքում հասարակությունը պետք է տեսնի, որ կառավարությունը պատվաստումը և զուգահեռ գործողությունները իրականացնում է հավասարապես, այսինքն՝ նաև բացատրում է հակացուցումների մասին: Երբ քաղաքացու մեջ սկսում են կասկածներ ի հայտ գալ, ամենաթույլ ուժով այլ կարծիքը դառնում է նրա համար ընկալելի:

Օրինակ՝ քաղաքացին կարդում է իրենից ոչինչ չներկայացնող անձի հայտարարությունը, թե մի պատվաստվեք՝ բարձրացնելով որոշ, տեղ-տեղ՝ տրամաբանված հարցադրումներ: Հետո քաղաքացին դուրս է գալիս ու տեսնում, որ պետությունը հակահամաճարակային մի կանոնի նկատմամբ խիստ է, իսկ մյուս կանոնի նկատմամբ՝ մաքսիմալ անտարբեր կամ թույլ: Ակամայից պրպտող քաղաքացու մեջ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ էսքան հետևողական են մի կարևոր հարցի շուրջ, էսքան անհետևողական են մեկ այլ կարևոր հարցի շուրջ:

Նման հակասությունները հանգեցնում են նրան, որ այդ մարդն սկսում է մտածել՝ պատվաստումն ավելի շատ շոու է, քան իրական սպառնալիք:

– Ստացվում է՝ առողջապահության նախարարությունը կամ պատկան մարմինները պատշաճ հաղորդակցում չե՞ն կարողանում ապահովել քաղաքացիների հետ:

– Ի սկզբանե, երբ պատվաստման թվերը մեծացնելու խնդիր է դրվում, ապա ամբողջ ուժով աշխատում ես այդ ուղղությամբ՝ անընդհատ մտածելով պատվաստվողների թիվը շատացնելու մասին: Հետին պլան է մղվում թիրախային աշխատանքը:

Բացի այդ, առողջապահության նախարարության կողմից գերարժևորվեցին անտիվաքսերի (պատվաստմանը դեմ անձանց – հեղ.) մտքերը՝ շատ դեպքերում անիմաստ, իսկ գիտական վեճերը իրականում արձագանքի չարժանացան: Այսինքն՝ այն գիտական հոդվածները, որոնք այս կամ այն մինիմալ ռիկերի մասին են խոսում, անտեսվում են, արձագանքի են արժանանում ոչ մի բաները:

Ի վերջո, միայն առողջապահության նախարարությունը չէ, որ լծված է այդ գործին, նաև գործադիրը իր տեսչական մարմիններով պետք է ապահովեր սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը:

Դրանք չե՞ն արվում, վերահսկողություն չկա՞:

Դե, փորձեք մտնել դեղատուն առանց դիմակի, տեսեք՝ կստացվի՞, թե՞ ոչ, փորձեք մտնել խանութ ու տեսեք՝ որքան մարդ է դիմակով, մտեք հասարակական տրանսպորտ և տեսեք՝ ինչ ծանրաբեռնվածությամբ է այն աշխատում, նստեք տաքսի, որի վարորդը դիմակ չի դրել, և ասեք՝ դիմակ դիր, տեսեք՝ ձեզ ոնց կիջեցնի մեքենայից:

Այսինքն՝ մենք տեսնում ենք մեկ ամբողջական շղթա, որտեղ պետությունն ունի ահռելի մեծ ծավալի անելիք ու չի անում: Այդ դեպքում, երբ պետությունն իր անելիքը չի անում, կառավարության նիստում նախարարը ստիպված է լինում դժգոհել անտիվաքսերից ու անտիվաքսերի դեմ պայքարից:

Անտիվաքսերին ուժ հաղորդում է թույլ պատասխանը: Ձեզ ասեմ՝ անգամ ընդդիմությունը, եթե հետևում ենք Ազգային ժողովի քննարկումներին, չի ասում՝ մի՛ պատվաստվեք: Այսինքն՝ հասարակությանը չպատվաստվելու ուղղորդող երկխոսություն չկա:

Կան շատ տրամաբանական հարցեր բարձրացնող քաղաքացիներ, որոնք անտիվաքսեր չեն, բայց որոնց հարցերը պատասխաններ չեն ստանում: Չկա երկխոսություն, բոլորը բոլորի հետ սրերով են: Ավելին, ֆունդամենտալ քննարկման նյութ են դառնում այն մտքերը, որոնց, այսպես թե այնպես, հակադարձելու կարիք էլ չկար:

Չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ վերջին ժամանակահատվածում պատվաստման ցուցանիշն աճում է:

Խոսվում է պարտադրանքի տարրի մասին, ինչի հետևանքով էլ աճում են այդ թվերը:

Նայեք՝ առողջապահության նախարարության պաշտոնյաների հայտարարություններից մեզ թվում էր, թե մի քանի տեսակ պատվաստանյութ կա, հոկտեմբերից լինելու են «Ֆայզերը», «Մոդեռնան», վերջինի բաշխումն իրականացվեց միայն երեկ, բայց արի ու տես, որ այդպես չէ: Օրինակ՝ իմ շատ ծանոթներ գնացել են, որ չինական պատվաստանյութով պատվաստվեն, կանգնել են փաստի առաջ, այդ պատվաստանյութը չի եղել:

Բայց դրան զուգահեռ ուժի մեջ մտավ առողջապահության նախարարի որոշումը, որի դեպքում համակարգը պետք է ամբողջությամբ գործեր, այսինքն՝ լիներ պատվաստանյութերի տեսականին, որ մարդը կարողանար ընտրություն կատարել:

Ինչո՞ւ է խոսվում, որ կունենանք «Ֆայզեր», բայց պարզվում է՝ չունենք: Անիմաստ սպասումներ ենք արթնացնում, հետո երբ դրանք չեն լինում, մարդն օբյեկտիվորեն սկսում է բողոքել:

Մենք այս պահին ունենք խափանված համակարգ. քովիդի դեմ պայքարը միայն պատվաստանյութը չէ: Ճիշտ է՝ դա էական է, պետք է բոլորը լծվեն այն բանին, որ պատվաստումների գործընթացը երկրում չխոչընդոտվի: Առաջին հերթին դա պետք է անի կառավարությունը՝ ապացուցելով, որ իր համար կարևոր են բոլորը, հակառակ պարագայում շատերի մոտ օբյեկտիվ կարծիք է ձևավորվում, որ մենք պատվաստումացավով ենք տարված և ոչ թե քովիդի դեմ բուժմամբ:

Միշտ պետք է հիշենք՝ անտիվաքսեր եղել են, կան ու լինելու են, և նրանց ասածների ազդեցությունը ուղիղ համեմատական է պատասխանատու կառույցների գրագիտությանը, պրոֆեսիոնալիզմին ու գործողություններին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am