«Այս կառավարությունն ավելի ու ավելի է հեռանում ՆԱՏՕ-ից, Արևմուտքից ու իրեն ավելի է կապում Ռուսաստանին». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ի՞նչ մեսիջներ կային ելույթում, և ո՞ւմ էին ուղղված դրանք:

– Համաձայն ՀԱՊԿ-ի պայմանագրի 1-ին հոդվածի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները իրավունք չունեն ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրման միջոցով որևէ միջազգային հարաբերություններ կարգավորել միմյանց կամ այլ պետությունների միջև, և, ըստ էության, պայմանագրի այդ հիմնարար դրույթը խախտվեց այս տարվա փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա:

Տեսանք, որ ՀԱՊԿ անդամ պետությունները զերծ մնացին Ռուսաստանին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական օժանդակություն տրամադրելուց, բացառությամբ Հայաստանի, որը մի քանի շաբաթ առաջ դաշնակցային հռչակագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ:

Այսինքն՝ հավանաբար այս խնդիրների շուրջ Ռուսաստանն ուզում էր հստակեցնել մյուս պետությունների հնարավոր մասնակցության չափն այն գործողություններին, որը հիմա իրականացնում է, ու այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը, Բելառուսը, ըստ էության, գործել են ի հակառակ Հայաստանի շահերի, զինել են Ադրբեջանին, և դրա հետևանքը եղավ 44-օրյա պատերազմը:

Ըստ էության, իր ելույթի հակասություն էր այն դրույթը, որ չնայած ՀԱՊԿ անդամ նշված պետությունները Հայաստանի նկատմամբ պայմանագրային հարաբերությունները չեն պահպանել, Հայաստանը մտադիր է շարունակել հավատարիմ մնալ դաշնակցային հարաբերություններին:

Դա ակնհայտ հակասություն էր, բայց հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդհանուր կուրսն այն է, որ սպասարկելու է Ռուսաստանի շահերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարաբերություններում:

Այսինքն՝ հայտարարության հիմնական հասցեատերը Ռուսաստանի Դաշնությո՞ւնն էր:

– Ողջ աշխարհին էր ուղղված, և դա ևս մեկ անգամ վկայեց այն, որ Հայաստանը կանգնել է, կանգնած է, ու քանի դեռ իշխանության մոտ Նիկոլ Փաշինյանն է, կանգնելու է Ռուսաստանի կողքին:

Իսկ այդ հայտարարության որոշ մտքեր հնարավոր ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ կարող են ունենալ:

– Նման հայտարարությունները սեպ են խրում Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունների միջև, որոնք առանց այդ էլ գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, ու Նիկոլ Փաշինյանի հետևողական քաղաքականության արդյունքում մեր ու Արևմուտքի միջև անդունդն ավելի է խորանում:

Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությամբ, ըստ էության, իր դժգոհությունն արտահայտեց ՀԱՊԿ-ի գործողություններից, արձանագրեց, որ պատշաճ չեն արձագանքել Հայաստանի դիմումին, բայց դրանով հանդերձ իր աջակցությունը հայտնեց Ռուսաստանին, պարո՛ն Ղուկասյան:

– Այո՛, միջազգային հարաբերությունների տեսանկյունից այդ հայտարարությունն աբսուրդ է, եթե ինչ-որ պայմանագիր խախտված է, չի գործում անդամներից մեկի նկատմամբ, այդ անդամն ինչո՞ւ պետք է շարունակի դրան հավատարիմ մնալ:

Այստեղ տրամաբանությունը բացակայում է. կա՛մ գոհ ես պայմանագրից, կա՛մ՝ դժգոհ: Եթե չես կարող արձանագրել, որ պայմանագիրը քո նկատմամբ չի կատարվում, բայց դու հավատարիմ ես մնում դրան. դա աբսուրդ է:

Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականության ի՞նչ ուղիով է ընթանում՝ ձեր տպավորությամբ:

– Հայաստանը գործելու է ՆԱՏՕ-ին հակառակ՝ Ռուսաստանի հետ միասին, բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը հարկ է համարելու իրականացնել անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներում, Հայաստանն այդ բոլոր ծրագրերում լինելու է լիարժեք ընդգրկված մասնակից, որովհետև, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատերազմն Ուկրաինայում առաջացավ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով, և Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվել են, Փաշինյանը համարում է սխալ: Նման դիրքորոշմամբ այս կառավարությունն ավելի ու ավելի է հեռանում ՆԱՏՕ-ից, Արևմուտքից ու իրեն ավելի է կապում Ռուսաստանին:

Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս պահին միաբևե՞ռ է:

– Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր դա այդպես է:

Պարո՛ն Ղուկասյան, իսկ բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն Հայաստանն ունի՞, որովհետև բազմաթիվ վերլուծաբաններ համոզմունք են հայտնում, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն՝ հասկանալի պատճառներից ելնելով:

– Դա քարոզչություն է, որը հիմնականում իրականացնում են նաև ռուսական կողմի պատվերով, ու իշխանությունը ևս այդ քարոզչությունը գլխավորողներից է: Դա ընդամենը քարոզչություն է: Իրականում ակնհայտ է, որ ագրեսոր պետության կողքին գտնվելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, և այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Քաղաքակիրթ աշխարհը չի աջակցում, հակառակը՝ պայքարում է Ռուսաստանի դեմ ու որևէ կերպ չի աջակցի նաև Հայաստանին:

Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի իշխանության գալուց ի վեր հենց ՀՀԿ ներկայացուցիչներն ու այլք ասում էին, որ Փաշինյանն ավելի շատ արևմտամետ դիրքորոշում ունի: Ձեր կարծիքով՝ գործող իշխանության այդ դիրքորոշումը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվե՞ց, թե՞ ի սկզբանե էլ արևմտամետ չի եղել, ինչպես ասում եք:

– «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր կազմն իր մեջ ներառում էր արևմտամետ գործիչներ, օրինակ՝ Արսեն Խառատյանն էր այդպիսին, և մենք տեսանք՝ ինչ արագ այդ բոլոր գործիչները հեռացան այդ կուսակցության ղեկավար մարմիններից ու պետական պաշտոններից, և տեսանք, որ արտաքին ոլորտի բոլոր քայլերն ուղղված էին Արևմուտքի հետ հարաբերությունները սառեցնելուն:

Միգուցե երբ հիմնադրվում էր «Քաղաքացիական պայմանագիրը», արտաքին քաղաքականության այսպիսի տեսլական չկար, բայց այն պահից, երբ ՀՀԿ-ն որոշեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել, այդ օրվանից հստակ էր, որ Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը լիովին ուղղված է Ռուսաստանի շահերը սպասարկելուն:

Դա նաև խոստովանեց Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում, երբ ասաց, որ Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշում կայացնելու ժամանակ իրենք մի շարք պայմաններ են դրել Նիկոլ Փաշինյանի առջև, այդ թվում՝ այն, որ Հայաստանի արտաքին կուրսը Ռուսաստանի հետ չպետք է փոփոխվի:

Հետագայում մենք տեսանք, որ ՀՀԿ որոշ գործիչներ, Ռոբերտ Քոչարյանի համախոհները փորձում էին 2018 թվականի իշխանափոխությունը բնութագրել որպես գունավոր հեղափոխություն: Նույն բոլոր փաստարկներով կարելի է ասել, որ այն, ինչ հիմա են իրենք անում, գունավոր հեղափոխություն է, որը ֆինանսավորվում է Սորոսի կողմից, որևէ տարբերություն չկա:

Իմ կարծիքով՝ դա պարզապես քարոզ էր, որն ուղղված էր Մոսկվային՝ նպատակ ունենալով թուլացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերն ու փորձել ռևանշի համար նաև Կրեմլի աջակցությունը ձեռք բերել:

Հաջողվե՞ց, պարո՛ն Ղուկասյան:

– Տեսնում ենք, որ բոլոր ռեսուրսներով օժտված խորհրդարանական ընդդիմությունն արդեն մի քանի շաբաթ փորձում է ճգնաժամ ստեղծել կառավարության համար ու չի կարողանում: Ողջամիտ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց է այդ անզորությունը, եթե և՛ մեդիաներ ունեն, և՛ համակիրներ, նյութական խնդիր չունեն, իրենց համար կառավարության շենքը շրջափակելն ու ճգնաժամ ստեղծելը պետք է որ խնդիր չլինեին, բայց անզոր են այդ հարցում, ինչը նշանակում է՝ կա՛մ ի վիճակի չեն ունեցած ռեսուրսները ճշգրիտ կառավարելու, կա՛մ պարզապես Ռուսաստանից թույլտվություն չունեն որևէ արմատական քայլի դիմելու:

Կարծում եք, որ ընդդիմության այս գործողությունները ուղղորդվում են Մոսկվայի՞ց:

– Ընդդիմությունն ինքն է մատնանշում, որ իրենք Ռուսաստանի մտերիմ ու հավատարիմ գործընկերներն են և մինչ օրս փորձում են այդ խաղաքարտն օգտագործել, որ իբր թե Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի գործիչ է, իսկ իրենք այսպես կոչված հալալ կաթնակեր ռուսական գործիչներ են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am