Հանրապետությունում նպարեղենի, կարագի, կանթնամթերքի և հավկիթի գների աճ չի նկատվում. ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ-ն խոշոր սուպերմարկետներում անց է կացրել մոնիտորինգ, ինչի արդյունքում կարագի, հավկիթի, նպարեղենի և կաթնամթերքի գների աճ չի նկատվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նպարեղենի գնի տատանում փետրվարի 26-ից մինչ օրս տեղի չի ունեցել։ Ձեթի գինը մարտի 4-ից նվազել է 60 դրամով, այնուհետև մարտի 16-ին վերականգնվել է։ Մարտի 19-ից մի փոքր ձեթը թանկացել է։ Գնային տատանումների պատճառը հստակ իմանալու համար մեզ ժամանակ է պետք, որպեսզի կապ հաստատենք ՊԵԿ-ի հետ և պարզենք ներկրման ծավալները։ Պետք է պարզենք թե դոլարի տատանման հետ է կապված գնաճը, թե ձեռքբերման գնի»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հավկիթի գներն աճել են՝ 25 դրամից դարձել է 33 դրամ, այնուհետև դարձել է 40, հետո դարձել 38 և այժմ տատանվում է այդ սեգմենտում։ «Խանութներում ուսումնասիրել ենք այն ապրանքները, որոնց սպառումը մեծ է՝ նորզելանդական կարագը 3530 դրամից, «Լոռի» տեսակի պանիրը 2390 դրամից, սիրողական տեսակի երշիկը՝ 2100 դրամից չեն թանկացել։ Թթվասերի և կաթնաշոռի գների էական փոփոխություն չկա, միայն երկու դեպք է եղել, երբ գինը բարձրացել է, հետո իջել է, այդ հարցը կուսումնասիրենք։ Կաթի դեպքում եղել է, որ գինը նվազել է կամ բարձրացել, մենք կփորձենք հասկանալ, թե ինչի հետ են կապված այդ փոփոխությունները։ Մածունի գինը նվազել է», – ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա անդրադարձավ ալյուրի գնին, ինչի մասին հասարակությունը շատ է բարձրաձայնում և նշեց, որ կգ-ով վաճառվողի գինը չի փոխվել։ Փաթեթավորված ալյուրը փետրվարի 26-ից սկսած մինչև մարտի 3-ը եղել է 280 դրամ, մարտի 4-14-ը՝ 255 դրամ, մարտի 15-ին բարձրացել է 270, ինչից հետո կրկին դարձել 255 դրամ։