ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով Ռուսաստանում ստեղծվում է բջջային սարքերի IMEI նույնականացման կոդերի միասնական տվյալների բազա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Օրենքը կիբերխարդախությունների դեմ պայքարի միջոցառումների երկրորդ փաթեթի մասն է։
Նոր համակարգը կպարունակի Ռուսաստանում օգտագործման համար թույլատրված և արգելված IMEI կոդերի մասին տեղեկություններ։ IMEI-ն բջջային սարքին տրվող եզակի 15-նիշանոց նույնականացման համար է, որը թույլ է տալիս այն ճանաչել բջջային կապի օպերատորի ցանցում։
Բջջային կապի օպերատորները պարտավոր կլինեն տվյալների բազա փոխանցել բաժանորդների հեռախոսների IMEI կոդերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Տվյալների բազան կհամալրվի նաև կառավարության կողմից լիազորված պետական մարմինների տրամադրած տվյալներով։
Եթե տվյալների բազայում որևէ IMEI կոդ նշված լինի որպես արգելված, օպերատորները չեն կարողանա այդ սարքի միջոցով կապի ծառայություններ մատուցել։ Բացի այդ, ծառայությունը կմերժվի նաև այն դեպքերում, երբ նույն հեռախոսահամարն օգտագործվի այլ սարքում՝ սահմանված պահանջների խախտմամբ։
Ավելի վաղ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բոյարսկին հայտնել էր, որ սարքերի գրանցման համար քաղաքացիներից վճար չի գանձվելու։



















