Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել. Azatutyun.am

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են լինելու բոլոր դպրոցներն ու համալսարանները, բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են:

Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 հազարը, մահացել է 463 մարդ: Համաճարակի հետ կապված, երկրի մի շարք բանտերում անկարգություններ են սկսվել։

Իսրայելը պարտադիր 14-օրյա կարանտինի ռեժիմ է ներդրել երկիր ժամանող բոլոր անձանց համար: Երկրում կա վարակի հաստատված 42 դեպք, մահվան դեպք չի արձանագրվել:

Եվրոպայում վարակվածների թիվն աճում է, Իտալիայից հետո ամենաարագ տարածումը Ֆրանսիայում է՝ գրանցվել է մոտ 1,5 հազար դեպք, մահացել է 30 մարդ: Վարակվածների թվում են մշակույթի նախարարը և Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: