«Մենք հիմա գտնվում ենք երկրորդ գծում և կրակ ենք վարում երկրորդ գծից, դիրքերի կեսից ավելին վերցրել ենք». Վահան Բադասյան

Լուսանկարը՝ «Առավոտ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, նոր եք վերադարձել առաջնագծից։ Ինչպիսի՞ն է իրավիճակը։

– Իրավիճակը լարված է և դեռ վատ է։ Թշնամին առաջխաղացել է հարավային ուղղությամբ, և նրան տեղ-տեղ հաջողվել է ճեղքել առաջնագիծը և գրավել առաջնագիծը։ 

Մենք հիմա գտնվում ենք երկրորդ գծում և կրակ ենք վարում երկրորդ գծից։ Հակառակորդը օգտագործել է շատ մեծ քանակությամբ, մի քանի տասնյակ ավելի, քան 2016-ին, հարվածային ԱԹՍ-ներ, ամբողջ մարտը նրանք վարում են հարվածային ԱԹՍ-ներով և թեթև ու ծանր զրահատեխնիկայով հրետանու ուղեկցությամբ, ինչը մեզ համար շատ ծանր էր սկզբից, բայց հիմա արդեն համակերպվել ենք։ 

Մեր ստորաբաժանումները արդեն կարողանում են արժանի հակահարված տալ և պաշտպանվել դրանցից։ Եվ մի քանի ժամ է՝ վիճակը հանդարտ է, և մենք դեռ ավելի վատին ենք սպասում։

– Բոլոր կորցրած դիրքերը հե՞տ ենք վերցրել։

– Պատերազմի առաջին օրը, երբ հակառակորդը կարողացել էր առաջին իսկ հարվածից անակնկալի բերելև վերը նշված միջոցներով շատ դիրքեր վերցնել, այդ դիրքերի կեսը կամ կեսից ավելին արդեն հետ է վերցված։ 

Այս պահին հակառակորդը կրել է տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ վնասներ, հիմնականում հետևակ են օգտագործել, և այն արագ խոցվել է: 

Հսկայական տեխնիկական կորուստներ ունեն, սակայն համալրում են տեխնիկան, տեխնիկան համալրելով՝ շարունակում են գործողությունները։ Երկու ժամ է՝ գործողությունները հանդարտվել են։

– Տեղեկություն կա, որ այսօր Հադրութն է թիրախում։

– Բոլոր ուղղություններն էլ հարվածի տակ են, բայց ավելի ծանր է Հադրութի ուղղությունը, որտեղ հարավային զորամիավորման ուղղությամբ է հիմնական լայնածավալ գործողությունը։

– Միջազգային արձագանքն ինչպե՞ս եք գնահատում։ Ռուսաստանից անգամ տեսակետ հնչեց, որ չի բացառվում Արցախում խաղաղապահների տեղակայում։ 

– Ես չեմ հետևել միջազգային արձագանքներին, բայց կարող եմ հստակ ասել, որ ոչ մի խաղաղապահ ուժ այստեղ չի կարող լինել։ 

Մենք կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ, քանի որ անօդաչուները, որոնք խոցում ենք, թուրքական արտադրության են։ Նաև տեղյակ ենք, որ հրամանատարական մեթոդները այլ ձևով են, այստեղ թուրքական ձեռագիր է։ 

Մենք պատերազմում ենք Թուրքիայի դեմ և բարոյական իրավունք չունենք որպես ազգ որևէ երկրի վստահելու խաղաղապահություն, որովհետև այս մի քանի հարյուր տարվա մեջ տեսել ենք մի քանի խաղաղապահ ուժեր, խաղաղապահ ուժերը տեղակայվում են, և սկսվում է մեր ժողովրդի կոտորածը։ 

Մեր ժողովրդի ամենամեծ անվտանգության երաշխավորը բանակն է, և մենք պետք է մտածենք մեր բանակի հզորացման և բանակի վերազինման, վերափոխման մասին։ 

Իհարկե, մենք տեսել ենք, թե ինչ սխալներ ենք ունեցել, և այս սխալները, համոզված եմ, այլևս չեն կրկնվի, և մենք այդ սխալների վրա կարող ենք մեր բանակը լիովին վերափոխել։

– Այս անգամ սխալներ կայի՞ն։

– Ո՛չ, ի տարբերություն 2016-ի՝ այս անգամ մեր հրամանատարությունը ակտիվ է և գրեթե անսխալ։Իսկ ինչ թերացումներ որ կան, համոզված եմ՝ առաջիկայում կշտկվեն, և արդեն մի քանի բան շտկվել է։ 

Բայց այն մեծ ռազմական հանցագործությունները, որոնց մասին ես միշտ ասել էի, որոնք տեղի են ունեցել 2016-ին, ընդհանրապես չկան, վերափոխված է։ 

Եվ եթե 2016-ին այս մասշտաբով հարձակված լինեին, պատկերացրեք, որ ուրիշ արհավիրքներ կլինեին։ 

Այս պահին կա խփված 100-ին մոտ տեխնիկա, ամենուրեք խոցված տեխնիկաներ են, մեքենաներ, հետևակ է խփվել, միայն տասը դիակ մեր ձեռքին է գտնվում, մյուսհատվածում էլ մոտ հինգ դիակ և այսպես շարունակ։ Սա Հայաստան – Ադրբեջան կռիվ է, և Հայաստանը պետք է արդեն մի կողմ դնի բոլոր մանևրները և միմիայն ինքը պետք է հայտարարի՝ Արցախը Հայաստանի մեջ է և վե՛րջ։

– Ակտիվորեն քննարկվում է ռազմաքաղաքական դաշինքի հարցը։

– Կարծում եմ՝ սա Արցախի անկախության ճանաչման ճանապարհն է, որը չգիտեմ որքան էֆեկտ կտա, բայց առաջին հերթին Արցախը Հայաստանի կազմում պետք է ճանաչել։

Մանե Հարությունյան

MediaLab.am