«Կա՛մ այս բարքերը պետք է իսպառ վերացվեն բանակից, կա՛մ բանակի ղեկավարներն անելիք չունեն բանակում և իրենք պետք է հեռացվեն». Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այսօր ուսումնասիրեցի օրինական ուժի մեջ մտած թվով 10 դատական ակտեր, որոնցից 5-ը զինված ուժերում տեղի ունեցած սպանություններ են, 5-ը՝ ինքնասպանություն:

Հանցագործությունները տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում:
Սպանությունները կատարվել են ծնողների հասցեին հայհոյանք հասցնելու, դիրքում քնելու, լարված հարաբերությունների, վրեժի, կոպտության, ծաղրուծանակի, վիրավորանք հասցնելու և նվաստացնելու պատճառով:

Ինքնասպանությունները կատարվել են պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի, աման լվանալու, ծեծի, բռնության, անկողինը հավաքելու և ուրիշի փոխարեն գործ անելու պատճառով:

Կա՛մ այս բարքերը պետք է իսպառ վերացվեն բանակից, կա՛մ բանակի ղեկավարներն անելիք չունեն բանակում և իրենք պետք է հեռացվեն՝ հիմք դնելով բանակի հիմնովին վերափոխմանը:

Այսպես շարունակել չի կարելի: Սա անթույլատրելի և հանցավոր շռայլություն է մեր զավակների արյան ու կյանքի հաշվին:

Պետք է կատարվեն վիրահատական միջամտություններ՝ այս ամոթալի բարքերն արմատախիլ անելու համար:

Բանակում պետք է գործի միայն ու միայն օրենքը:

Ես պնդում եմ՝ բանակն ինքը նույնպես պետք է ստանձնի կրթական առաքելություն` ապահովելով երիտասարդ սերնդի ունիվերսալ զարգացվածության որոշակի մակարդակ:

Այո՛, բանակը պետք է կրի պատասխանատվություն զորացրված զինծառայողի զարգացվածության աստիճանի, հետագա դրսևորվող վարքագծի համար:

Այո՛, ինքն իրեն հարգող մարդու համար բանակը ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու, կայանալու միջավայր է, սակայն պետության սրբազան պարտականությունն է ապահովել բարենպաստ, քաղաքակիրթ ու օրինական միջավայրը»: