Ինչպես չնկատելու տալ նախարարի ներարկիչն ու ընկնել մանիպուլյացիայի ջրերը.Fip.am

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատվաստման ընթացքից լուսանկարներ՝ մեկնաբանություններով, թե իբր բժիշկը ներարկումն անում է «առանց ներարկիչի»։

Նման հրապարակումներ կատարել են սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր, այդ թվում` բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որը կորոնավիրուսի վերաբերյալ խնդրահարույց և չհիմնավորված հրապարակումներ էր անում նաև վարակի տարածման սկզբնական շրջանում։

Նշենք, որ Անահիտ Ավանեսյանը և Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվել էին հունիսի 28-ին, իսկ պատվաստման ընթացքը նկարահանել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Հրապարակված տեսանյութերը նայելիս ևս կարելի է անզեն աչքով տեսնել ներարկիչը։ 

Ստորև ներկայացված լուսանկարներում ևս երևում է ներարկիչը, որով իրականացվել է պատվաստումը։ 

Նկատենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար փոքր չափսի ներարկիչները նորություն չեն և լայնորեն կիրառվում են տարբեր երկրներում:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ պնդումը, թե նախարարը իրականում պատվաստում չի ստացել, քանի որ տեսանյութում ներարկիչը չի երևում, անհիմն է՝ մանավանդ հաշվի առնելով, որ պատվաստումը տեղի է ունեցել բազմաթիվ լրագրողների և բուժաշխատողների ներկայությամբ, լուսա և տեսանկարահանվել է բազմաթիվ անկյուններով:

Այս մասին հայտնում է Fip.am-ը