Փոքրիկ Մոնիկան նայում է պատին փակցված երգչուհի Սիրուշոյի փայլփլուն նկարին ու ուրախ թափահարում թաթիկները: Նա կարծում է, թե երգչուհին իր մորաքույրն է:
Փոքր ու անշուք սենյակի, կարիքի և զրկանքների մեջ Մոնիկայի մայրը` Լուսինեն, աղջկան ցույց է տալիս իր սիրած երգչուհու ժպտադեմ լուսանկարը և փոքրիկին ասում. «Սիրուշո մորքուրն ա»:
Լուսանկարը` լավ կյանքի մի կադր գորշ իրականության մեջ:
Դժվարությունների, սննդի, հագուստի պակասի, հիվանդությունների դեմ ամենօրյա պայքարում 35-ամյա միայնակ մայր Լուսինե Սիմոնյանը չի կորցնում լավատեսությունը:
«Մի քանի ամիս առաջ Մոնիկաս թոքաբորբով հիվանդացավ, հիվանդանոց ընկանք, հիմա էլ տունս ցուրտ ա, բայց չեմ կարա ջեռուցեմ»,- ասում է Լուսինեն:
Փոքրիկի թաթիկները միշտ սառույցի նման սառն են ու կարմիր, մայրն այլևս ուշադրություն չի դարձնում ձեռքերի սառնությանը.
«Թող սովորի, հիմա աշուն ա, դիմացը դեռ ձմեռ կա»:
Լուսինեն, ինչպես նաև նրա երկու քույրերը Գավառի մանկատանն են մեծացել:
«Ծիծեռնակաբերդի պատերի տակ ենք քնել մորս հետ երեք ամիս, մամաս մետաքսի գործարանում ա աշխատելիս եղել, ու ապրել ենք գործարանի հանրակացարանում, իսկ էնտեղ չէր թույլատրվում երեխաների հետ մնալ, մեզ զոռով դուրս են արել»,-ասում է նա:
Լուսինեն պատմում է, որ հայրը մոր հետ զագսավորված չի եղել, իսկ երբ մայրը նորից է հղիացել, իմացել է, որ «ամուսինն» ամուսնացել է ուրիշ կնոջ հետ:
Որոշ ժամանակ անց 3-ամյա Լուսինեին քույրերի հետ մանկատուն են տարել Նորքի սուր վարակիչ հիվանդանոցից, ուր ընկել են փողոցում ապրելու պատճառով ու մնացել չորս ամիս:
Նա ասում է, որ երկու տարի առաջ եղել է մանկատանն և ուրախացել, որ շատ բան է փոխվել դեպի լավը:
«Մեր ժամանակ` Բադեյանի վախտով, ծեծ կար, կարար շարք կայնացներ ու քացով պատահական ընենց խփեր փորիդ`թռնեիր»,- պատմում է Լուսինեն` սառը ջրով արագ-արագ, բայց մանրակրկիտ լվանալով Մոնիկայի շորերը:
Լուսինեի երկու մատները` միջնամատն ու մատնեմատը, ի ծնե իրար կպած են եղել, մանկատունն ավարտելուց հետո վիրահատել են, իրարից բաժանել: Աջ ձեռքի վիրահատությունը հաջող չի անցել` մատները չեն ծալվում, այտուցվում են, կապտում:
«Թե ընչի՞ թողի վիրահատեն, մի մատի տեղ էր` նորմալ օգտագործում էի»,- ասում է` ցույց տալով մատները:
Լուսինեն ամաչելով պատմում է, որ ամռանը, երբ ձեռքերը քրտնում են, մատերից վատ հոտ է սկսում գալ: Կյանքի դժվարությունները նրան չեն դառնացրել: Ասում է, որ չի սիրում տխրել:
«Ախր, կյանքը լավ բան ա, է~»,- միայն տիկին Լուսիկի մասին պատմելիս է հուզվում ու մի կերպ զսպում իրեն, որ լաց չլինի:
Պարսկահայ տիկին Լուսիկի հետ ծանոթացել էր յոթ տարի առաջ. «Տունը մաքրում էի, օգնում շուկա գնալու»,- հիշում է նա: Տիկին Լուսիկը 2007 թվի հուլիսի 15-ին Թեհրանից եկող օդանավում է եղել.
«Տղայի հարսանիքին էր գալիս, օդանավն ընկավ: Հինգ աղջիկ ուներ, ինձ ասում էր` դու իմ վեցերորդ աղջիկն ես»:
Նա վստահ է, եթե դժբախտությունը պատահած չլիներ, կվերցներ երեխային և տիկին Լուսիկի տուն կգնար:
«Մոնիկաս խելոք կխաղար, ես էլ մաքրություն կանեի»,- մտքերով հետ է գնում նա:
Լուսինեն փոքրիկ պահարանից հանում է խնամքով կախված կանաչ շրջազգեստը:
«Էս էլ է ինքը տվել, իրանց հետ լավ տեղեր եմ գնացել էս շորով»,- մի ձեռքով շրջազգեստն է շոյում, մյուսով ցույց տալիս լուսանկարներ, որոնցում երեկոյան սանրվածքով է, փայլուն հագուստով ու հիացական ժպիտով, ինչպես Անդերսենի Մոխրոտիկը պարահանդեսի ժամանակ դղյակում:
«Ամ, ա~մ»,- ոտքից քաշում է Մոնիկան, ու Լուսինեն սթափվում է, ինչպես Մոխրոտը ժամացույցի ձայնը լսելիս:
«Վա~յ, սովա՞ծ ես, բալե´ս,- դեմքը միանգամից մտահոգվում է,- պեչենիով թեյ կխմե՞ս, համ էլ կտաքանաս»:
Երեխան վաղուց միս չի կերել, չաշխատող միայնակ մայրը 19.000 դրամ նպաստ է ստանում. «Ամեն ինչ էնքան թանկացել ա, չեմ հասցնում»:
Լուսինեն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական քոլեջի մեքենագրական բաժինը, մանկատնից Երևան գալով` բնակվել է քոլեջին կից հանրակացարանում, իր սենյակը սեփականաշնորհել է: Լուսինեն կատակում է. «Սովորեցի, սովորեցի, վերջն էլ տուն մաքրող դարձա»:
Ամեն հարկում սանհանգույցն ընդհանուր է. «Անձրևի ժամանակ անձրևանոցով ենք զուգարան գնում»,- պատմում են հարևանները և բացում սանհանգույցի դուռը:
Եթե ապրողներից որևէ մեկը մոռանա ու մի քիչ ուժեղ հրի դուռը, առաստաղը կփլչի:
Սանհանգույցի դռան մոտ վնգստացող շուն կա. «Ավտոյի տակ ա ընկել, բերել են, որ լավացնեն»,- պատմում է Լուսինեն: Ինքն այստեղ է լողանում, բայց երեխային դեռ կարողանում է սենյակում լողացնել ու սարսափում է այն մտքից, որ մի օր աղջիկն էլ կմեծանա ու այս սանհանգույցից կօգտվի:
«Կյանքումս մանկատուն չեմ տա իմ երեխուն, Աստծուց մի բան եմ խնդրում` երեխուս առողջություն»,- մի քանի ամիս առաջ Լուսինեն Մոնիկայի հետ եղել է սրտաբանական հիվանդանոցում. «Սրտի աղմուկ ունի, էտի հեչ, ասեցին` ինչ-որ բան էլ էն չի, բացատրեցին, լավ չհասկացա: Ասել են` թող ժամանակ անցնի, էլի կբերես, պտի մի ամսից տանեմ»:
Բացի երեխայի առողջությունից, Լուսինեն մի ուրիշ երազանք էլ ունի. «Երազում եմ մոտս գա Մոնիկայիս պապան, հեռու տեղ ա, ընտանիքը դեմ ա ինձ, որովհետև ինձնից տարիքով փոքր ա»,- ամաչելով պատմում է Լուսինեն:
Նրա մասին պատմելիս Լուսինեն ասես վերանում է աշխարհից, ընկնում երազանքների գիրկը:
Պատմում է, որ երեխայի հայրն իր կյանքի առաջին տղամարդն է եղել. «Սիրում եմ, սերը տարիք չի հարցնում»:
Նա սովորել է հանրակացարանի կողքի քոլեջում, ամեն օր տեսել է Լուսինեին ու սկսել սիրահետել. «Էդ ժամանակ լուրջ ուզող ունեի, բայց ինքը խաբել, ասել էր էդ տղային, թե իրա հետ եմ հանդիպում, վերջն ինձ իրանով արեց»:
Լուսինեն պատմում է, որ սիրեցյալը ֆինանսապես չի կարողանում օգնել, որովհետև չի աշխատում, բայց հաճախ զանգում է: «Քեզնից հեռու գտնվելու դարդից մազերս սպիտակել են»,- ասել է Լուսինեին վերջին խոսակցության ժամանակ:
Օրերը ցրտում են, խանութներում սննդամթերքը թանկանում է, երեխայի թաթիկները սառը-սառն են, իսկ Լուսինեն շարունակում է երազել: Նա վստահ է` ամեն ինչ լավ է լինելու:
Արփի Մաղաքյան
Լուսանկարները` Իննա Մխիթարյանի
© Medialab.am