Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր ընդունեցի Նախագահ Սերժ Սարգսյանին, ով ևս մեկ անգամ Ֆրանսիայում է գտնվում, և որի հետ ես խոսեցի այն ամուր կապերի մասին, որ հաստատվել են ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ երկու ժողովուրդների միջև։ Մեր երկու ժողովուրդների առումով այդ կապերը գոյություն ունեն դարեր ի վեր և ունեն երկար պատմություն. պատմություն, որ նաև ողբերգական պահեր է ունեցել։ Մեր երկրների միջև, հատկապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, այսինքն 20 տարի հետևողականորեն ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր հարաբերությունները լինեն ոչ միայն ջերմ ու փոխադարձաբար համակրանքով լի, այլև գործնական ու կոնկրետ։
Ուրախությամբ կարող եմ ասել, որ բազմակողմանի համագործակցություն է ծավալվում մշակութային, լեզվական ոլորտում, առավել զարգացման ներուժ են պարունակում մեր տնտեսական փոխհարաբերությունները: Անշուշտ, Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի շատ զարգացնել այս տնտեսական հարաբերությունները, և, ինչպես ես նշեցի Նախագահի հետ իմ զրույցում, Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով այս փոխհարաբերությունները պետք է զարգանան գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում:

Իհարկե, հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք ամենակարևոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Ելնելով նաև իմ պատասխանատվության շրջանակներից, քանի որ Ֆրանսիան համանախագահն է Մինսկի խմբի, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, և որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ, ընդորում՝ մեզ հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, ես կասեի՝ վերջնական լուծում: Սա նաև իմ պատասխանատվության շրջանակի հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է:

Մենք խոսեցինք նաև միջազգային այլ խնդիրներից, մասնավորապես Սիրիայի մասին, նկատի ունենալով, որ տարածաշրջանային խնդիրները առնչվում են նաև Հայաստանին, նաև՝ քանի որ այնտեղ հայկական համայնք գոյություն ունի, և անգամ որոշ սիրիահայեր Հայաստան են արդեն եկել: Իհարկե, գիտեմ, թե Հայաստանն իր դիրքից ելնելով՝ ինչքան զգույշ կեցվածք պետք է ցուցաբերի, բայց նաև պետք է ջանանք քաղաքական անցման խնդիրը միասին լուծել:

Անդրադարձ եղավ նաև Իրանին, և գիտեմ, որ Հայաստանի նախագահն ամեն ինչ անում է որոշակի ուղերձների առումով։

Եվ վերջապես, ես նշեցի, թե որքան կապված են ֆրանսահայերը Հայաստանին, առավել ևս, որ մեր երկրում ապրող շուրջ 500.000 հայերը պատմության բերումով են եկել այստեղ՝ բերելով իրենց հետ իրենց ողջ տաղանդը, և դա մեծ հարստություն է մեր երկրի համար:

Եվ նաև ես հաճույքով ընդունեցի Հայաստանի նախագահի հրավերը հաջորդ տարի այցելել Հայաստան: