Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»

Հայցվոր Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա  Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանին։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար։

Բանն այն է, որ լրատվական կայքերից մեկում հրապարակված ուղերձներից մեկի մեկնաբանության դաշտում Անժելա Թովմասյանը վիրավորական մեկնաբանություն է թողել՝ օգտագործելով «պոռնիկ» բառը: