«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան

Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- նշեց Հովակիմյանը: Նա հայտնեց, որ քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին:

«Ամեն դեպքում առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակեց Հովակիմյանը: