Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է․ «Սասնա Ծռեր»

Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է․ «Սասնա Ծռեր»
Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր:

Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ և անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր և կորստաբեր մի ընթացք է ուրվագծում:

ՀՀ ինքնիշխանությունը ծրագրված կերպով Մոսկվային զիջելու գործընթացը, որ կասեցվեց Ապրիլյան պատերազմի հերոսական դիմադրությամբ, Սասնա Ծռերի ապստամբությամբ և 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ, նորից միս ու արյուն է ստանում:

Դատապարտում ենք ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը և կոչ ենք անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից:

Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին:

Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման:

Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից»: