«Գողական ենթամշակույթ, քրեական վարք, բռնություն ու ագրեսիա». հեռուստատեսության մատուցած «արջի ծառայությունները»

«Գողական ենթամշակույթ, քրեական վարք, բռնություն ու ագրեսիա». հեռուստատեսության մատուցած «արջի ծառայությունները»
«Գողական ենթամշակույթ, քրեական վարք, բռնություն ու ագրեսիա». հեռուստատեսության մատուցած «արջի ծառայությունները»

Բռնություն կանանց, քույրերի և նույնիսկ մոր նկատմամբ, սպանություններ, առևանգում, բռի վերաբերմունք ծերերին ու երեխաներին, ագրեսիվ խառնվածք և ավելին:
ՀՀ Գիտությունների ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ու ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնության և ագրեսիայի տարածման գործում իր մասնաբաժինն ունի հեռուստատեսությունը` տարբեր տարիքի հեռուստադիտողին առաջարկելով նման բովանդակությամբ ֆիլմեր, մուլտեր, հաղորդումներ:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը, որը հեղինակել է նաև այս տարի հրատարակված «Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները» գիրքը, նշում է, որ հայկական հեռուստատեսության տարբեր ալիքներով փրայմ թայմ և պիկ ժամերին ներկայացվում է ագրեսիվ բովանդակությամբ հեռուստաարտադրանք՝ սենսացիոն նյութերի կամ ֆիլմերի, սերիալների տեսքով, որոնք «խոսքային և ֆիզիկական բռնության ու ագրեսիայի մոդելներ են քարոզում»:
«Դրական կերպարները մեր սերիալներում քրեական միջոցներով խնդիրներ լուծող անձինք են: Քրեական վարք, գողական ենթամշակույթ են քարոզվում: Դրանք ագրեսիա են կիրառում, և բառապաշարից, վարքից սկսած` այդ ամենը կրկնում է ցանկացած երեխա: Իսկ բռնությունը կանանց նկատմամբ, կոշտ վերաբերմունքը ծերերի ու երեխաների նկատմամբ` այս ամենը դառնում են մոդելներ»,- ասում է Վ.Միրաքյանը:

Սակայն, ի տարբերություն Միրաքյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը համոզված է, որ ագրեսիվությունը արմատավորվում է շատ ավելի վաղ հասակում` մուլֆիլմերի բացասական կերպարների և բովանդակության հետևանքով, որոնք «ուղղակիորեն արտացոլվում են երեխաների վարքագծի մեջ»:

«Ժամանակակից մուլտֆիլմերը շատ ագրեսիվ են` ի տարբերություն 1970-80-ականների մուլտֆիլմերի: Դինոզավրերն իրար հետ կռվում են, անընդհատ պատերազմներ, իրար ոչնչացնում են… և դա ուղղակիորեն արտացոլվում է երեխաների վարքի մեջ: Մուլտֆիլմերն են, որ բացասական և ագրեսիվ դիրքորոշում ունեցող սերունդ կարող են մեծացնել, և ոչ թե սերիալները»,- նշում է Ս. Խուդոյանը, ով համոզված է, որ վերջին տարիներին սերիալների ազդեցությունը Հայաստանում շատ է գերագնահատվում:

Հիշեցնենք, որ սերիալների շուրջ կրքերը թեժացան վերջերս, երբ ընդդեմ հատկապես կանանց նկատմամբ բռնություն և ագրեսիա պարունակող սերիալների հանդես եկան ոչ միայն կանանց իրավապաշտպան կազմակերպությունները, այլև մտավորականները` նամակ հղելով նախագահ Սերժ Սարգսյանին:

«Եթե սերիալում տեսնում ենք, որ ինչ-որ մեկին ծեծում են, փակում, ապա ես կարծում եմ, որ դա օրինակ չի ծառայի էն մարդկանց համար, ովքեր էդ տեսակ բան կանեին: Դա աբսուրդ է: Սովետական շրջանում ոչ մի սերիալ, ոչ մի բան չկար, բայց այդ նույն հանցագործ ենթամշակույթը տասնապատիկ ավելի մեծ արժեք, հարգանք ուներ, քան հիմա»,- ասում է Ս. Խուդոյանը:

Նա հավելում է, որ երեխաների համար ընդօրինակման տեսանկյունից ավելի վտանգավոր են մուլտֆիլմերը, իսկ ագրեսիայի տարածման և դաստիարակչական առումով ավելի մեծ է բացասական լուրերի, նյութերի ու տեղեկատվական հոսքերի ազդեցությունը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Երևանում անցկացվել էր բռնության և ագրեսիայի տեսարաններ պարունակող սերիալները դատապարտող ակցիա, որի մասնակիցները պահանջում էին կանանց նկատմամբ բռնությունները, ստորացումները, նվաստացումներն ու սեքսիստական արտահայտությունները վերացնել հեռուստաեթերից:

Միրաքյանը նշում է, որ այս առումով հեռուստաեթերը վերահսկելու չափորոշիչները շատ դժվար է որոշել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ դրանք սահմանված չեն:

«Տարբեր ստեղծագործական միություններից, մտավորականներից ու շահագրգիռ անձանցից առաջարկներ ենք հավաքել, ու առաջիկայում մեծ քննարկում է լինելու, և հենց այդ առաջարկների հիման վրա ներկայացվելու է ՀՀ նախագահին: Մենք փորձելու ենք եվրոպական փորձի հիման վրա սահմանել այդ չափորոշիչներն ու իրականացնել այդ ամենը»,- ասում է Միրաքյանը:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկելով այս ոլորտը, նույնպես գործելու իրավասություն չունի, քանի որ այս առումով օրենսդրական դաշտը բաց է, ու օրենքով սահմանված չափորոշիչներ չկան:

Մեր հոդվածը` հեռուստատեսային սերիալների ազդեցության մասին այստեղ:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am