Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Հեղինակ MediaLab

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Զրույցներից հետո Մակրոնը հայտարարել էր, որ բանակցությունների վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. աշխատանքը պետք է սկսվեր ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: