Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությունը, անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող զեկույցներին:


 
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության ու գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները:

Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

Անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
 
Իր հերթին, Ջոն Ալելոն շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ:

Առաքելության տնօրենը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները:

Կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: