Տեղ համայնքի դիրքերի վրաններից մեկում հրդեհ է բռնկվել.Factor

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ սահմանամերձ հատվածում տեղակայված հայկական դիրքի վրաններից մեկում, որտեղ պահվում է զինվորների սնունդը։

Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Էլյազյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ հրդեհ է բռնկվել, քանի որ զինծառայողները սնունդ են տաքացրել ներսում ու մոռացել են կրակը հանգցնել։

«Այդ վրանը նախատեսված է սնունդը պահելու և տաքացնելու համար, որտեղ վառարան կա դրված։ Վրանի մի հատվածն է վառվել միայն»,- նշեց Էլյազյանը։

Նա հավելեց, որ զինվորներն ունեն տնակներ, որտեղ գիշերում են։ Համայնքի տեղակալը նշեց նաև, որ զինվորներին նոր վրան դեռ չի տրվել, իսկ մյուսները գտնվում են նորմալ վիճակում։

Նշենք նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս մասին իրենք ահազանգ չեն ստացել, իսկ Պաշտպանության նախարարությունը վերջին ժամանակահատվածում մեր հեռախոսազանգերն անպատասխան է թողնում։