Չայզամին Շուռնուխը չէ, Էյվազլին էլ՝ Որոտանը․ հայկական մեդիայի խառնաշփոթը ․ FIP.am

Կառավարության օգոստոսի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջպետական ճանապարհի փակումը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իր խոսքում օգտագործելով Էյվազլի և Չայզամի տեղանունները։

«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանն Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետի այս ելույթում օգտագործված ադրբեջանական անվանումները վրդովմունք առաջացրին համացանցի հայկական տիրույթում, իսկ լրատվականները «մեղադրեցին» վարչապետին հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններն օգտագործելու մեջ։

Yerevan.Today7or.ampolitik.amAntifake.amhayeli.am կայքերը և մի շարք օգտատերեր գրեցին անգամ, որ Փաշինյանն ադրբեջանական գյուղերի տեղանուններն օգտագործել է Կարմրաքար և Շուռնուխ գյուղերի անվանումների փոխարեն։

Մյուս դեպքերում Hraparak.amRadio AuroraMamul.am կայքերը գրում էին, որ վարչապետ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններով է անվանել Որոտան և Նոր Առաջաձոր համայնքները։

Քննարկման առարկա չդարձնելով այն, թե ինչով էր պայմանավորված կամ ինչքանով էր ճիշտ վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների օգտագործումը, «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են հավաստի մամուլում տեղ գտած պնդումները։

Չայզամի

Չայզամին (Çayzəmi) Սյունիքի մարզի Նոր Առաջնաձոր գյուղից դեպի արևելք ընկած տարածքն է, որով անցնում է Գորիս-Կապան ճանապարհը։ Այն 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Տեղում նախկինում նույն անվանմամբ գյուղ է եղել, որը ներկայում չկա։

Չայզամի են անվանում նաև Առաջնաձոր գյուղի մոտ գտնվող Դավիթ Բեկի ջրամբարը և շրջակա տարածքը։

Այս մասին Zangezur TV-ի 2018 թվականի ռեպորտաժում ասում է Դավիթ Բեկի ջրամբարի տնօրեն Էնգելս Թումանյանը:

«Դավիթ բեկից մինչև Աղվանի այս տարածքը կոչվում է Չայզամի։ Դա թուրքերն էին առաջ ստեղ նստել, դա կոչվում ա «Գետի արտ»։ […] Այս ձորն ի վեր էլ կոչվում ա Գետին արտ՝ Չայզամի»,- նշել էր Թումանյանը։

Չայզամին որևէ կապ չունի Նոր Առաջաձոր, Շուռնուխ, Կարմրաքար, Որոտան համայնքների հետ, քանի որ գտնվում է դրանցից համապատասխանաբար՝ 3․7 կմ, 3․8 կմ, 2․8 կմ և 12 կմ հեռավորությունների վրա։

Դա օգոստոսի 26-ին Հանրային հեռուստաալիքի ռեպորտաժում փաստում է նաև Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, որն իր խոսքում նշել էր, որ ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ բանակցություններն ընթանում են Չայզամի կոչվող տարածքում, որը գտնվում է Կարմրաքարից 3 կմ հեռավորության վրա։

«Այս պահին Սյունիքում Կարմրաքարից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա Չայզամի կոչվող տարածքում ընթանում են բանակցություններ ռուս, հայ և ադրբեջանցի սահմանապահ զորքերի միջև․․․»,- հայտնել էր փոխմարզպետ Ավանեսյանը։

Էյվազլի

Էյվազլին (Eyvazlı) Սյունիքի մարզի Որոտանի հովտում՝ նույնանուն համայնքից շուրջ 2 կմ հյուսիս-արևելքում գտնվող ավերված գյուղ է, որի միջով անցնում է հայ-իրանական միջպետական ճանապարհը։

Էյվազլիի ավերակները արբանյակային լուսանկարում 17․09․19թ

44-օրյա պատերազմից հետո այս տարածքը՝ Էյվազլին, նույնպես անցավ ադրբեջանական հսկողության տակ։ Այն վերականգնել է իր կարգավիճակը և համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Կուբաթլուի (Որոտան) շրջանի Էյվազլի գյուղը։

Էյվազլի գյուղի ցուցանակը ճանապարհի՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում։ Լուսանկարը՝ Hetq.am

Ինչպես արդեն նշեցինք, գյուղը գտնվում է Որոտան համայնքից 2 կմ հեռավորության վրա և որևէ կապ չունի Նոր Առաջաձոր, Շուռնուխ և Կարմրաշեն համայնքների հետ և գտնվում է դրանցից շուրջ տասը կիլոմետր հեռավորության վրա։

Էյվազլին և Չայզամին Գորիս-Կապան ճանապարհի վրա։

Բացի այդ, կարևոր է նշել, որ ադրբեջանցիները Շուռնուխը անվանում են «Şurnuxu», իսկ Նոր-Առաջաձորը՝ Yeni Araçadzor, Որոտանին՝ Tatevges, Կարմրաքարը և Դավիթ Բեկը՝ Zeyvə, այլ ոչ թե Չայզամի կամ Էյվազլի։

Այսպիսով կարող ենք փաստել, որ լրատվականներում տեղ գտած պնդումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններ է օգտագործել, սխալ է և մանիպուլյատիվ:

Փաստերի ստուգման հարթակ