«Պուտինը որևէ նոր բան չասաց, դա այն ծրագիրն է, որը Մինսկի խմբի համանախագահների սեղանին է տարիներ շարունակ». Ռուբեն Մեհրաբյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների փոխանցման հնարավորության մասին», որևէ նորություն չի պարունակում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Պուտինը որևէ նոր բան չասաց, դա այն ծրագիրն է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեղանին եղել է տարիներ շարունակ։ Ընդամենը Պուտինը մեջբերեց այն, ինչ մինչև օրս կա բանակցությունների սեղանին։ Այլ հարց է, թե այս փաստաթուղթը որքանով է արտացոլում իրականությունը։ Այլ հարց է, թե որքանով է այն իր մեջ լուծում պարունակում։ Բայց Պուտինը որևէ նոր բան չասաց»,- նշում է Մեհրաբյանը։

Նշենք, որ ՌԴ նախագահն երեկ հայտարարել է. 

«Ադրբեջանն ասում է, թե այդ 7 շրջանները ոչ մի կապ չունեն էթնիկ հակամարտության հետ, ոչ էլ Հայաստանի հետ, դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են։ Եվ Ադրբեջանն ասում է՝ մենք իրավունք ունենք վերադարձնելու այդ տարածքները և որոշելու Լեռնային Ղարաբաղի հարցը։

Հասկանում եք, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ չկան պարզ լուծումներ։ Մենք ի սկզբանե ելնում էինք այն բանից, որ պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների փոխանցման հնարավորության մասին՝ ապահովելով Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմ՝ Հայաստանի հետ կապով»։

Պուտինը նաև նշել է, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային մահերը, նստել բանակցային սեղանի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է լսել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ձևակերպած առաջարկները, Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ։ Իսկ այնտեղ շատ երկրներ կան, ներառյալ Թուրքիան, մի շարք եվրոպական երկրներ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հասել ենք արտգործնախարարների հերթական հանդիպման փորձի նախաշեմին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբիկ համանախագահների մասնակցությամբ։

«Թե ի՛նչ կտա այդ հանդիպումը, մեծ սպասելիքներ չունեմ։ Բայց ես կարծում եմ, որ դա պետքական հանդիպում է, պետք է գնալ այդ հանդիպմանը և փորձել մեր դիրքորոշումը ներկայացնել լավագույնս՝ ի շահ մեր պետականության»,- ասում է նա։

Հարցին, թե հայկական կողմն այս փուլում պատրա՞ստ է այդ 5+2 շրջանների հարցը քննարկելու, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանում է. «Ես չեմ կարծում, որ հիմա դնելու են կոնցեպտուալ հարցեր քննարկեն։ Հիմա կրակի դադարեցման հարցն է առաջնահերթ, և, իմ կարծիքով՝ խոսքը դրան է վերաբերելու»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ քաղաքագետն ասում է, որ Ալիևը իրարամերժ հայտարարություններ է անում և մոլորեցնում, թե պատրաստ է բանակցելու։

«Ադրբեջանը խոսում է առանց նախապայմանների բանակցություններին մասնակցելու մասին, բայց այդ հայտարարության հաջորդ նախադասության մեջ մի շարք նախապայմաններ է առաջ քաշում»,- նկատում է քաղաքագետը։

«Այնպես որ, ես կարծում եմ՝ խոսակցությունների փուլն ավարտվել է, հիմա միջազգային հանրությունը պետք է գործի դնի իր ճնշման լծակները կապերը կտրած, այս անպատասխանատու վարք դրսևորող, կոռումպացված սուլթանի նկատմամբ»,- ասում է Մեհրաբյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am