Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին

Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին
Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը հետաքրքիր արձագանք ստացավ Հայաստանում:

Սերգեյ Լավրովը հունվարի 15-ին, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար «անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն առ այն, ինչ հնարավոր է հիմա, և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Լավրովի սույն հայտարարությունը, անշուշտ, հակասում է կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային՝ ամբողջական տարբերակով:

Հայտարարությունը ուշագրավ էր նաև նրանով, որ Լավրովին, որը հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳՆ ղեկավարն է, վերջին տարիներին մի փոքր ավելի լայն դեր է «վերապահվում»: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ակտիվորեն քննարկվում էր, որ կարգավորման համար Ռուսաստանն ունի ծրագիր, որը իբր կոչվում է «Լավրովի պլան»:

Բնականաբար, Լավրովի հայտարարությանը հետևեց Հայաստանի արտգործնախարարության արձագանքը, որում, սակայն, առկա է տոնայնության որոշակի անհստակություն:

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշեց, որ խոսքն իրականում գնում է «փաթեթային կարգավորման փուլային իրականացման» մասին:

«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները», – ասաց Բալայանը, թեև Լավրովի խոսքում, կարծես թե, բավականին հստակ արտահայտվել էր, որ «փուլային մոտեցում է պետք»:

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցի շուրջ նման զարգացումների համատեքստում, սակայն, Բալայանի հայտարարությունը որոշ տարակարծությունների տեղիք է տալիս:

Մի կողմից, Հայաստանն արձագանքում է Ռուսաստանի կողմից իր շահերից չբխող հայտարարությանը և տարածում մեկնաբանություն, որում պնդում է իր որդեգրած դիրքորոշումը՝ կարծես ևս մեկ անգամ հիշեցնելով, որ լուծումը պետք է լինի փաթեթային:

Մյուս կողմից, սակայն, Բալայանի մեկնաբանությունը ավելի շատ նմանվում է Լավրովին արդարացնելու փորձի, քանի որ ՌԴ արտգործնախարարի խոսքերը ոչ թե քննադատվում են, այլ, այսպես ասած, լրացվում: Ավելին, որոշ առումով փակվում է դրանց քննադատության ճանապարհը՝ տպավորություն ստեղծելով, որ Լավրովի խոսքերը չեն հակասում հայկական կողմի շահերին:

Այսպիսով, ստացվում է մի անհասկանալի իրավիճակ, երբ պարզ չէ Տիգրան Բալայանը արդարացնելով հակադարձո՞ւմ է Սերգեյ Լավրովին, թե՞ հակադարձելով արդարացնում:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»