«Փաշինյանի անձի հետ կապված շատ լուրջ խնդիր կա հանրային ընկալման մեջ, հենց ինքը՝ Փաշինյանն է ասել, որ պարտված հրամանատարը պետք է հեռանա». Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, դուք հավանաբար լսեցիք գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսը։ Նա, ըստ էության, մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանցագործություն կատարելու մեջ՝ նշելով, որ նրա հրամանով պատերազմի երրորդ օրը կանգնեցվել է զինվորական համալրումը։ 

– Անկեղծ ասած, ամբողջապես չեմ հետևել ասուլիսին, բայց ինչ մեղադրանքներ էլ հնչեցված լինեն, կարծում եմ՝ դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, պարզեն՝ ինչքանով են համապատասխանում դրանք իրականությանը, և եթե կա որևէ կողմի մեղավորությունը, ապա այդ անձը պետք է պատիժ կրի։

– Արդեն Փաշինյանը հայտարարել է, որ հնչեցված մեղադրանքները անհեթեթ են։

– Այդ մասին կարող եմ այդքանը ասել։ Ինչ էլ հայտարարվի, պետք է իրավապահ մարմինները տան իրավական գնահատականներ։ 

– Նախկին զինվորականը նաև հայտարարեց, որ կառավարությունը ոչ թե դավաճանություն է գործել, այլ գտնվել է ոչ պրոֆեսիոնալ։

– Այն, որ կառավարող ուժի մեջ պրոֆեսիոնալիզմի լուրջ խնդիր կա, դրանում մենք արդեն երկու տարի համոզվում ենք։ Թե ինչքանով է դա ազդել պատերազմի ընթացքում կայացրած որոշումների վրա, ինձ համար դժվար է գնահատականներ տալ, որովհետև շտաբում լուրջ պրոֆեսիոնալներ կային։ 

– Լավ, պարո՛ն Միսկարյան, դուք քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչն եք, և, փաստորեն, հիմա քաղաքական ճգնաժամ է, երեկ էլ վարչապետը ներկայացրեց իրավիճակից դուրս գալու մասին ճանապարհային քարտեզ։ Ըստ ձեզ՝ դա ե՞լք է նման վիճակից դուրս գալու համար։ 

– Եթե վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերջում կան վարչապետի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա կարելի է մնացած հարցերի շուրջ նստել և քննարկել, թե ինչպես պետք է դրանք կայացվեն ու ինչպես պետք է լինեն։ 

Բայց եթե դա զուտ ժամանակ շահելու համար հայտարարված ինչ-որ պլան է, ապա ընդունելի չէ։ Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում կերևա՝ այդ հայտարարությունը, որ արվել է, ինչ նպատակով է արվել, որովհետև այնտեղ կետեր կան, որ քաղաքական ուժերի, մասնագետների հետ կոնսուլտացիաներ ու լայն քննարկումներ են ենթադրում։ 

Եթե կլինեն դրանք, ապա կարելի է ասել, որ, այո՛, հնարավոր է գնալ այդ ճանապարհով և կատարել այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

– Կոնսուլտացիաներ ասելով ի՞նչ եք հասկանում։ Օրինակ՝ ձեր կուսակցության հետ կոնսուլտացիաներ ակնկալո՞ւմ եք այդ ճանապարհին։ 

– Ես կարծում եմ՝ բոլոր առողջ ուժերի հետ պետք է լինեն այդ կոնսուլտացիաները, որովհետև իրավիճակը շատ լարված է, շատ բարդ է, պետք է ազգային համախմբում՝ այս մարտահրավերը հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ այդ կոնսուլտացիաները պետք է լինեն շատ ավելի լայն։

– Պարո՛ն Միսկարյան, Ազատության հրապարակի հարթակից էլ են ճանապարհային քարտեզներ առաջարկվում, և դրանց առաջին կետը հենց վարչապետի հրաժարականն է․․․

– Իրականում ինձ համար էական են արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը փոխելուց հետո։ 

Դա հնարավորություն կտա, որ քաղաքական դաշտը առողջանա, և մենք սկսենք քննարկումները, բանավեճերը երկրի զարգացման ճանապարհների ու տեսլականների, այլ ոչ թե մեղավորների փնտրտուքի ու փոխադարձ մեղադրանքների շուրջ։ 

Այդ ճանապարհին հասնելու հազար տարբերակ կարող է լինել։ Ինձ համար էական է, որ չլինեն ցնցումներ, ինչպիսին են՝ քաղաքացիական պատերազմը, կամ էնպիսի իրադրություն չառաջանա, որ փախստականների խնդիրները անտեսվեն քաղաքական շահարկումների պատճառով։ 

Կան շատ լուրջ խնդիրներ, որոնք օր առաջ լուծելու կարիք ունեն։ Եթե հրապարակի առաջարկած ճանապարհը դրա լուծումն է, թող իրենք համոզեն հանրությանը իրենց ճիշտ լինելու մեջ, և հակառակը՝ եթե դա Փաշինյանի առաջարկած տարբերակն է, թող որ Փաշինյանը իր քայլերով ապացուցի, որ հետամուտ է իր հայտարարած ճանապարհային քարտեզի իրականացմանը։ 

– Դուք Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված հույսե՞ր ունեք։ 

– Ես հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են «Կուսակցությունների մասին» օրենքում և Ընտրական օրենսգրքում, կբերեն քաղաքական դաշտի առողջացման, և քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պատկերացնում են իրական քաղաքականության կարևորությունը մեր պետականության կայացման գործում, ոչ թե մարդիկ են, որոնք իրենց նյութական կարիքները բավարարելու համար որպես բիզնես են օգտագործում կուսակցությունները։

– Հնարավո՞ր է խնդիրը Փաշինյանի անձի հետ է կապված, և գուցե նրա փոփոխությունը կարողանար թոթափել նման լարվածությունը։

– Ես ի սկզբանե ասացի, որ Փաշինյանը պետք է ապացուցի, որ իրապես պատրաստ է կատարելու այդ փոփոխությունները, որովհետև մենք դառը փորձ ունենք՝ հեղափոխությունից հետո պետք է կատարվեին այդ օրենքների փոփոխությունները, և հետո միայն տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ինչ-ինչ պատճառներով դրանցից ոչ մեկը չիրականացավ։ 

Ես հիմա հույս ունեմ, որ դրա անհրաժեշտությունը զգալով է կառավարող ուժը այդ խնդիրները բարձրացնում, այլ ոչ թե քաղաքական շահարկումների համար։ 

Մյուս կողմից, այո՛, Փաշինյանի անձի հետ կապված շատ լուրջ խնդիր կա հանրային ընկալման մեջ։ Հենց ինքը՝ Փաշինյանն է ասել, որ պարտված հրամանատարը պետք է հեռանա։ 

Այնպես որ, այդտեղ երկընտրանք չկա, ուղղակի հարցը զուտ տեխնիկական բնույթի է՝ երբ և ինչպես պետք է գնա, ինչքան շուտ, այնքան լավ, բայց այդ շուտը չի կարող լինել որակի հաշվին․ եթե նա պետք է շուտ գնա, ու մենք առանց այդ փոփոխությունների գնանք արտահերթ ընտրությունների, ապա դրանք էլի լինելու են ապաքաղաքական, էլի լինելու են սևի ու սպիտակի դաշտում, էլի գաղափարների ու ծրագրերի փոխարեն քննարկվելու է, թե ով է ավելի վատ։ Այսինքն՝ մենք դարձյալ վատի ու վատագույնի միջև ենք ընտրությունը կատարելու։

– Այսինքն՝ դուք նաև երաշխիք չունեք, որ նախկին փորձը չի կատարվի։

– Այո՛, ես մտավախություն ունեմ, որ այդ փոփոխությունները դարձյալ չեն իրականացվի, ու դարձյալ առանց այդ դաշտի բարելավման գնանք խորհրդարանական ընտրությունների։ 

Դրա համար մեզ պետք է մի փոքր ժամանակ, սպասենք, տեսնենք, թե մեզ քայլեր առաջարկողը՝ Փաշինյանը, քայլեր կատարո՞ւմ է այդ ուղղությամբ, որպեսզի վստահ լինենք, որ, այո՛, դրանք կկատարվեն, և մենք կունենանք այն, ինչի համար պայքարել ենք հեղափոխությունից սկսած։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am