«Բաց ռեժիմի հնարավորություն Շանթ Հարությունյանն ունեցել է նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք». Շահեն Հարությունյանը՝ վարչապետի խոսնակին

«Բաց ռեժիմի հնարավորություն Շանթ Հարությունյանն ունեցել է նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք». Շահեն Հարությունյանը՝ վարչապետի խոսնակին
«Բաց ռեժիմի հնարավորություն Շանթ Հարությունյանն ունեցել է նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք». Շահեն Հարությունյանը՝ վարչապետի խոսնակին
Հեղինակ MediaLab

Շանթ Հարությունյանին Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն՝ թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում:

Այս մասին գրել է դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ արձագանքելով վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հայտարարությանը, որով նա պատասխանել էր անհնազանդության ակցիաներ սկսելու՝ Շահեն Հարությունյանի նախազգուշացմանը:

Ստորև ներկայացնում ենք Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Ի պատասխան վարչապետի խոսնակի ամբոխավար պատասխանին՝ կապված իմ հայտարարությունների հետ:

Սկզբից նշեմ, որ ինքս հայտարարել եմ, որ՝

1. Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց: 
2. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ:
3. Շանթ Հարությունյանին առաջարկվել է ստորագրել և փոխել կալանքի կրման՝ պատժի կրման ձևը:

Ըստ էության, վարչապետի խոսնակն այս իրողություններն այնպես է ներկայացրել՝ իբրև թե դրանց մասին ես չեմ բարձրաձայնել և դրանք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած քայլերը, որից հրաժարվել է Շանթ Հարությունյանը և մենք կեղծելով իրողությունը՝ փորձում ենք վատաբանել Նիկոլ Փաշինյանին:

Օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, այնպես են ներկայացնում իրենց առաջարկը, իբրև Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատաություն է շնորհել:

Պարզաբանեմ. Շանթ Հարությունյանին Վարդաշեն ՔԿՀ պետը առաջարկել է դուրս գալ բաց ռեժիմ, որի հնարավորությունը Շանթ Հարությունյանն ունեցել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույնպես: Բաց ռեժիմ հասկացողությունը իրենից ենթադրում է, որ կալանավորը յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան 8-ին դուրս գա բանտից և երեկոյան 8-ին վերադառնա բանտ և մնա հատուկ կալանավորների պահման վայրում, իսկ շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես մնա բանտում: Բաց ռեժիմը համարվում է կալանքի տեսակ: Բաց ռեժիմ դուրս գալը չի նշանակում ազատվել պատժից: Դա նշանակում է պարզապես մեղմացնել պատիժի կրման ձևը: Եվ եթե նշված ժամից, կալանավորը ուշանա, իր վրա դա կնշվի որպես իրավախախտում և կրկին կալանավորին կտեղափոխեն փակ ռեժիմ:

Սա է ամբողջ իրողությունը, թե ինչ են առաջարկել Շանթ Հարությունյանին:

Այստեղ հարցը բարոյականության և տրամաբանության մեջ է: Առհասարակ յուրաքանչյուր ադեկվատ և բարոյական հասարակություններում՝ հեղափոխությունից հետո, քաղբանտարկյալներին չեն ներում, չեն մեղմացնում պատիժի կրման ձևը: Քաղբանտարկյալներին արդարացնում են և ազատ արձակում: Եվ ոչ միայն քաղբանտարկյալներին արդարացնում են, այլ նաև համաներում են իրականացնում բոլոր կալանավորների նկատմամբ՝ որպես սիրո և համերաշխության դրսևորում:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում:

Սկզբունքայնությունը, արժանապատվությունը, բարոյականությունը դրանք լոկ խոսքեր չե՛ն: Դրանք արժեքեր են, որոնք դրսևորվում են մարդկանց ապրելաձևի շնորհիվ:

Շանթ Հարությունյանը չի պատրաստվոմ ներման դիմում գրել կամ մեղմացնել իր պատիժի կրման ձևը միայն նրա համար, որ դուրս է եկել Հայաստանը քանդող և ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ: Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, միայն նրա համար որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Շանթ Հարությունյանը սկիզբ է դրել ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ մեր երկրում:

Անադեկվատ մոտեցում Շանթի հարցով: Չեմ հասկանում ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն: Սա անհասկանալի է…

Հ.Գ. Իսկ երբ ինձ անթիվ-անհամար մեղադրանքներն են հնչում՝ թե որտեղ էի ես Սերժի իշխանության օրոք և ինչի չէի պայքարում, ասեմ. ես ոստիկանություններում և դատարաններում էի, հիվանդանոցներում և հրապարակներում էի: Քնում էի փողոցում, զարթնում ազատ, անկախ Հայաստանի համար պայքարի մոլուցքով: 
Իսկ դուք որտե՞ղ էիք…

Հ.Գ.2 Ձեր անկախ դատական համակարգը թո՛ղ Շանթ Հարությունյանին պահի բանտում և զրկի իր քաղաքական գործունեությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ և տա՛ հնարավորություն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սա է Ձեր դատական համակարգի իրական դեմքը, որին չի ցանկանում խառնվել Ձեր սիրելի վարչապետը»: