«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
– Պարո՛ն Բաղդասարյան, այս փուլում տարբեր կարծիքներ են հնչում, որ Սահմանադրության փոփոխություններով փաստորեն Հայաստանում փորձ է արվում միապետություն ձևավորել, և որ հետագա տարիներին բռնապետական համակարգ է լինելու երկրում: Ինչո՞ւ են սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունները մեծ լիազորություններ տալիս մեկ մարդու՝ ապագա վարչապետին:
– Ամբողջ միջազգային մոնիթորինգն արձանագրում է այն փաստը, որ մենք այս փոփոխություններով գնում ենք դեպի ժողովրդավարություն, իսկ դուք այլ ուղղությամբ եք ցանկանում երկիրը տանել, որն այդ համաշխարհային կարծիքներին չի համընկնում: Մեր այս բոլոր քայլերը, առավել ևս՝ խորհրդարանական կառավարման վերջին փուլին անցնելը վառ ապացույցն են այն բանի, որ մենք հրաժարվում ենք կիսանախագահական լիազորություններից, որում կան արտակարգ լիազորություններ անձի նկատմամբ: Մենք հրաժարվում ենք դրանցից և գնում ենք իշխանության տարանջատման սկզբունքին, որը տանում է դեպի ժողովրդավարություն:
– Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետին այդքան մեծ լիազորություններ տալը, նաև՝ ինչո՞ւ են վարչապետին ենթարկվելու ուժային կարևոր մարմինները: Մասնագետները կարծիք են հայտնում, որ հենց ուժային կառույցների միջոցով է ապագա վարչապետը պահելու իր իշխանությունը:
– Նման գնահատականներ հնչեցնողներին հորդորեք՝ թող ընթերցեն Սահմանադրությունը: Մենք շարժվում ենք Սահմանադրությամբ, երբ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում պետք է իրականացնի ղեկավարումը:
– Այսինքն՝ ուժային կառույցները չե՞ն օգտագործվելու հասարակության դեմ:
– Այդ խոսակցությունները միշտ եղել են: Բայց մենք չենք կարծում, որ որևէ անգամ դրա անհրաժեշտությունը կլինի:
– Փաստորեն ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն չի ժխտել դա: Վերջնական որոշումը դա՞ է:
– Այո՛, այդ տրամադրվածությունը կա այդ թեկնածության առումով: Բայց մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Երբ արդեն քննարկումները կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Մենք կկազմակերպենք քննարկում, կկայացնենք որոշում: Իրոք, կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետև մոտենում են թեկնածու առաջադրելու օրերը: Յուրաքանչյուրը կարտահայտի իր ցանկությունը, կտա իր թեկնածուի անունը, և քննարկումների արդյունքում ՀՀԿ-ն կկայացնի իր վերջնական որոշումը: Մի՛ շտապեք, մենք դեռ պատրաստվում ենք ՀՀ նախագահի ընտրություններին: Մարտի 2-ին ամենայն հավանականությամբ մենք այդ ընտրությունները կկազմակերպենք, որից հետո կանցնենք վարչապետի թեկնածուի հարցին:
– Վերջին շրջանում երկրում խոսքի ազատության առումով կարծես հետընթաց է արձանագրվում, սպառնալիքներ են հնչում լրատվամիջոցների ներկայացուցիչների հասցեին, փորձում են ճնշել մամուլի աշխատանքը: Ինչո՞ւ է այս իրավիճակը:
– Ես խնդրում եմ դուք համեմատության դաշտում նայեք: 1990-ական թվականներից մինչև այսօրվա իրավիճակը նայում ենք, այսօր մեծ առաջընթաց կա: Համեմատեք Հայաստանի վիճակը մեր հարևան երկրների հետ: Նույնիսկ անհարմար է, որ Հայաստանում խոսքի ազատության մասին լրագրողներն են հարց տալիս: Համեմատե՛ք այսօրվա վիճակը մեր նախկին վիճակի հետ, նույնիսկ այնքան ազատություն է տրված մամուլին, որ կարելի է ասել՝ մի փոքր արդեն գերազանցում են այդ սահմանն ու չափերը:
– Իսկ որո՞նք են սահմանները, ովքե՞ր են այդ չափերը սահմանել:
– Այսօր ամբողջովին ազատ է մեր մամուլը թե՛ երթերի, թե՛ ցույցերի ժամանակ, թե՛ խորհրդարանի դահլիճում որևէ մեկը կաշկանդվածություն չունի: Նույնիսկ այն աստիճանի խոսքի ազատություն է մեր երկրում, որ ընտանիքների նկատմամբ են քննադատություններ հնչում: Դա շատ վատ երևույթ է: Ինձ թվում է, որ մենք պետք է ավելի քաղաքակիրթ դարձնենք իրավիճակը: Խոսքի ազատություն չի նշանակում, որ անսահման հնարավորություններ կան ցանկացած մարդու վարկաբեկելու ու վիրավորելու համար: Մենք սահմանափակում չենք դնում, բայց պարզապես անթույլատրելի է այդ գործելաոճը:
– Արդեն կանխատեսումներ կան, որ հետագա տարիներին Հայաստանում խոսքի ազատությունն է՛լ ավելի է ճնշվելու:
– Ավելի առաջընթաց է գրանցվելու: Ունենալու ենք այն իրավիճակը, որը գրանցվել է ժողովրդավարական երկրներում:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am