Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը. նա անչափահաս է

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, ՀՀ  ոստիկանության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել  այն մասին, որ Գյումրու  Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին  տղամարդու դիակ կա:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։