Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանի դատավճռի վերաբերյալ.
«Մենք դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը և 20 տարվա ազատազրկումը։
Մենք կոչ ենք անում Ռուբենի անհապաղ ազատ արձակմանը և միջազգային հանրությանը հորդորում ենք հաստատակամորեն պաշտպանել արդարության, մարդու իրավունքների և պատշաճ դատավարության սկզբունքները։
Ռուբենի դեմ առաջադրված մեղադրանքները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեության հետ անտեսում են մարդու հիմնարար իրավունքները։ Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական աջակցության և սոցիալական առաջընթացի պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների ամրապնդմանը և մարդկային արժանապատվության խթանմանը։ 2015 թվականին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադրումը վկայում է նրա անսասան հանձնառության մասին՝ գնահատելու և աջակցելու նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ ուրիշներին պաշտպանելու համար։
Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից կայացված այս դատավճիռը ոչ միայն խոր անարդարություն է, այլև ծանր հարված է նրա ընտանիքի համար, որը ողջ այս փորձության ընթացքում բախվել է մեծ դժվարությունների։ Մենք Ռուբենի կնոջ, երեխաների և թոռնիկի կողքին ենք, որոնք շարունակում են զարմանալի տոկունություն դրսևորել այս դժվարին պայմաններում։
Հատկապես հակամարտության սրման ժամանակ Ռուբենի գործունեությունն արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնվել է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն և մարդկայնության ուժի նկատմամբ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործունեությանը, հատկապես այն շրջանում, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, և տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են ու կարիք ունեն հրատապ աջակցության։
Մենք շարունակում ենք աջակցել Ռուբենի ընտանիքին, պաշտպանելու նրա ազատությունը և պայքարելու բոլոր անարդարորեն կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համար։
«Ավրորան» հիմնադրվել է՝ լուսաբանելու խիզախության և մարդասիրության դրսևորումները նույնիսկ ամենամութ ժամանակներում։
Ռուբեն, քո ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, և մենք չենք տատանվի արդարության հասնելու մեր ձգտումներում»։



















