«Եթե չկա Ադրբեջանի հետ պայմանավորվածություն, Ռուսաստանն այս նվաստացուցիչ վերաբերմունքին պետք է արժանի պատասխան տա». Միքայել Նահապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում ռուս խաղաղապահների թիվը և ռուսական ռազմական տեխնիկայի միջոցներն ավելացնելու համար։ Ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել այս դիմումը։

– Զարգացումների մասին այս պահին չեմ կարող կանխատեսումներ անել, որովհետև դա ինֆորմացիոն թարմ խճանկարում ընդամենը մի փոքրիկ հատված է։ Բովանդակային մասով՝ տեսեք՝ ռուսական ազդեցությունը առավելապես ոչ թե ռազմական կոնյունկտուրայի առկայությունն է, որ եթե դիրք կա, դիրքում զինվոր կա, ուրեմն մենք ուժեղ ենք, եթե չկա՝ թույլ ենք, դա առավելապես ռազմաքաղաքական ազդեցություն է, հետևաբար զինվորների թվի և ազդեցության կապն այնքան էլ ուղիղ չէ:

Իհարկե, կարող է ուղերձների որոշակի փոփոխություն լինել, եթե զորքի թվի ավելացում ունենա, բայց, խոշոր հաշվով, զորքը չէ, որ այդպիսի խնդիրները լուծում է, դա ռազմաքաղաքական գործիչների համատեղ աշխատանքի արդյունքում կարող է լինել։

Չգիտեմ՝ ՌԴ-ն ինչպե՛ս կարձագանքի այդ դիմումին, բայց ակնհայտ է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը հավուր պատշաճի չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները և ավելին՝ այն գործելակերպը, որ իրենք դրսևորում են, կասկածների ու խոսակցությունների առիթ է դառնում՝ որքանո՞վ է Ադրբեջանի գործողությունը համաձայնեցված ռուսական քաղաքական շրջանակների հետ։

– Իսկ այդ շրջանառվող լուրերը, որ Ադրբեջանը չէր կարող Արցախում նման քայլի գնալ՝ առանց Ռուսաստանի համաձայնության, հիմնավոր համարո՞ւմ եք։

– Սա կա՛մ բառացի համաձայնության արդյունք է, կա՛մ առնվազն լուռ փոխըմբռնման, այսինքն՝ մի կողմը գիտի՝ մյուսն ինչ է մտածում, ու ըստ այդմ է գործում։ Գործընթացները չեն կարող այս ընթացքը ստանալ, եթե ՌԴ-ն արձագանքի դրանց այնպես, ինչպես պարտավոր է արձագանքել որևէ տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն իրականացնող գերտերությունը։

– Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության արձագանքը կատարվողին պատշաճ չե՞ք համարում, պարո՛ն Նահապետյան։

– Եթե դա պայմանավորվածություն չէ, ապա այն, ինչ տեղի է ունեցել, նաև նվաստացուցիչ է Ռուսաստանի համար, որովհետև իրենք որպես միջնորդ են հանդես եկել հայելային հետքաշման ծրագրի օգտին: Հայերը կատարել են այդ միջնորդությամբ իրենցից ակնկալվող գործողությունները՝ վստահելով ՌԴ խաղաղապահ ուժերին, Ադրբեջանն այդ առիթը օգտագործել է, կոպիտ ասած, քցել է հայկական կողմին, և եթե ռուսների հետ համաձայնություն չկա, ապա քցել է նաև ռուսական կողմին։

Այս իրավիճակը պարզաբանման կարիք ունի․ կա՛մ կա այդպիսի համաձայնություն, ու մենք պետք է ըստ այդմ մեր անելիքները կառուցենք, կա՛մ եթե չկա, Ռուսաստանն այս նվաստացուցիչ վերաբերմունքին պետք է արժանի պատասխան տա։

– Հայաստանի Հանրապետության իշխանության արձագանքը կատարվողին ինչպե՞ս եք գնահատում։

– Իրադարձությունների շղթան քանի դեռ չի ավարտվել, ես զերծ կմնամ գնահատականներ տալուց: Մինչև այս պահն արված քայլերը կոնկրետ այդ էսկալացիայի մասով բացասական գնահատականների առիթ չեն տալիս, բայց նաև կարող է լինել կես ճամփին կանգնելու դրսևորում, ինչը, բնականաբար, չի կարելի դրական ընկալել։ Դիվանագիտական քայլեր են արել, դիմել են գործընկերներին, խոսել, եթե դրանք արդյունք չունենան, պետք է այդ գործողությունները տրամաբանական շարունակություն ունենան։

– Իսկ ո՞րը պետք է լինի այդ տրամաբանական շարունակությունը։

– Այդ հարցին հնարավոր կլինի շատ հստակ պատասխանել, եթե տիրապետում ես դիվանագիտական ու ռազմական իրավիճակին, ինչին ես չեմ տիրապետում: Բայց եթե պրոցեսները պարզեցնենք ու սարքենք տրամաբանական մոդելներ, ապա ես կարծում եմ, որ դիվանագիտական լուծման չհանգելու դեպքում հայկական կողմը պիտի ռազմական ճանապարհով՝ տվյալ կետում իրավիճակը հետ շրջի մինչև այս եղած վիճակին, ու այդ ճանապարհին, եթե անհրաժեշտություն լինի, լիկվիդացնի բոլոր կողմերից, բոլոր դրոշների ներքո խանգարող ուժերն ու հանգամանքները, որովհետև ակնհայտ է մի բան, որ եթե խնդիրը դիվանագիտական լուծում չի ստանում, պարզ է, որ ամբողջ հաշվարկը հենված է նրա վրա, որ հայերը ռուսների խոսքից չեն անցնի:

Հիմա այդ տեխնոլոգիայով Ադրբեջանը քցել է հայերին, եթե մենք մի անգամ էլ ռուսների խոսքից չենք անցնում, իրենք ամրագրելու են դա։

– Նկատի ունեք, որ եթե ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները դուրս չգան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, ապա նմանօրինակ գործողությունները շարունակակա՞ն են լինելու։

– Իսկ ինչո՞ւ պետք է շարունակական չլինեն, երբ արձանագրում ես, որ դիմացինդ բացարձակ անընդունակ է, չի կարողանում ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական ճանապարհով իր շահերը պաշտպանել, կա՞ որևէ ռացիոնալ պատճառ՝ ինչո՛ւ չշարունակել սեփական պլանի իրագործումը։

– Պարո՛ն Նահապետյան, բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ իրականում ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը մեծանա։ Հիմա եթե ենթադրենք, որ կա ռուս-ադրբեջանական համաձայնություն, ապա, ըստ ձեզ, Ռուսաստանի համար ինչո՞ւ է ձեռնտու, որ Ադրբեջանն իր ազդեցությունը մեծացնի մեր տարածաշրջանում։

– Այդ հարցի պատասխանը մանրամասն շարադրված է ՌԴ-ի և իր իրավանախորդների, այսինքն՝ Խորհրդային Միության ու Ցարական Ռուսաստանի վերջին 300 տարվա պատմության մեջ։ Մեխանիզմը, որը գործում է հիմա, 300 տարվա մեջ անշեղորեն կրկնվել է տասնյակ անգամներ։

Ամեն անգամ, երբ ՌԴ-ն կամ իր իրավանախորդները Արևելյան Եվրոպայում կամ Բալկանյան ճակատում ունենում են խնդիրներ, նա հակված է իր ազդեցության հետ առնչություն ունեցող մնացած տարածքները, որոնցից է նաև Հարավային Կովկասը, դիտարկել որպես ռեսուրս, իսկ Արևելյան Եվրոպայի ճակատը՝ որպես նպատակ։ Ողջամտությունը հուշում է, որ ռեսուրսները պետք է ծախսվեն հանուն նպատակների։

– Այսինքն՝ օգտագործելով Հարավային Կովկասը, այս դեպքում՝ Արցախի Հանրապետությունը, ՌԴ-ն փորձում է իր նպատակների՞ն հասնել։

– Արևելյան Եվրոպայում որոշակի համաձայնությունների գալ՝ առնվազն թուրքերի հետ։ Եվս մեկ հետաքրքիր պատմական նմանության մասին կարող եմ խոսել․ մինչև ուկրաինական կամպանիայի մեկնարկը ստորագրված ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքի մասին փաստաթուղթը բավականին մշուշոտ ու դառը հիշողություններ է արթնացնում Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի հետ իր նմանություններով:

Խորհրդային Միությունն ու ֆաշիստական Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից ընդամենը օրեր առաջ միմյանց հետ պայմանագիր կնքեցին իրար վրա չհարձակվելու մասին, ճանաչեցին միմյանց որոշակի շահեր, ու պայմանագիրն ուներ գաղտնի հավելված, որը շուրջ 50 տարի չէր հրապարակվում։ Այդ հավելվածով նրանք ազդեցության գոտիները, հավանական գրավելիք գոտիները հստակ բաժանել էին։ Այնպես որ, նմանատիպ պրակտիկա եղել է ռուսական դիվանագիտության մեջ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am