Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը
Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 31-ամյա Ժորա Թորոսյանը: 

Համալսարանական հիվանդանոցի մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է շուրջ 7 ու կես ժամ տևողությամբ վիրահատություն և հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ներկայացնելով կատարված բացառիկ վիրահատության մանրամասները ընդգծեց, որ նման դեպքերում, ավելորդ քաշքշուքներից խուսափելու համար, շատ կարևոր է մասնագետների աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև հիվանդի տեղափոխումը, ինչը այս դեպքում մարզային գործընկերներին հաջողվել էր:

Այսպիսով, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, վնասվածքաբանների և միկրովիրաբույժների համատեղ աշխատանքը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը տվեց իր արդյունքը: Անհրաժեշտ վերակենդանացման աշխատանքներից հետո, ավելորդ ժամանակ չկորցնելու համար վիրահատող բժիշկների մի թիմը սկսել է աշխատել անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու:

Երկուսուկես ժամ հետո վերակագնվել է պացիենտի արյան շրջանառությունը, որից հետո միայն բժիշկները ձեռքը վերականգնելու համատեղ որոշում են կայացրել: Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման և պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը: 

«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-նշեց Արտավազդ Սահակյանը: 

Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի: 

Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը վստահեցնում է, որ հետագայում վերականգնված վերջույթը հաստատ կծառայի հիվանդին, նա կկարողանա գրել, զգալ ձեռքը:

Նա ընդգծում է, որ ոչ մի վիրաբույժ չի կարող անել նման բարդ վիրահատություններ, եթե իր թիկունքին չլինեն հրաշալի անեսթեզիոլոգներ, շատ արագ որոշումներ կայացնող մասնագետներ: «Սա մեզ համար սովորական աշխատանք է»,- նկատում է բժիշկը:

Վերջույթի վերականգման շրջանը կտևի 8 ամսից մինչև մեկ ու կես տարի: Հմուտ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին զգույշ լինել նման երբեմն անդառնալի դարձող վնասվածքներից խուսափելու համար: Բոլոր հիվանդներին մաղթում է առողջություն: Նրա մեծ ցանկությունն է, որպեսզի բնակչությունը հավատ և հարգանք ունենա բժշկի հանդեպ, քանի որ բժիշկների աշխատանքը ծանր է: