Բաքուն Երևանին է փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին. ադրբեջանական աղբյուրներ

«Սեպտեմբերի 17-ին Բաքուն Երևանին է փոխանցել սեպտեմբերին 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերում զոհված  32 հայ զինծառայողի մարմին»,-այս մասին տեղեկացնում է ադրբեջանական տելեգրամյան  աղբյուրներից Day.az-ը: 

Հղում անելով Ադրբեջանի գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովին՝ աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում պատրաստվում են կրկին հայ զինվորներին մարմիններ հանձնել հայկական կողմին: 

Հայկական կողմը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ պատերազմական գործողություններ են սկսել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։

Հայկական կողմի զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Գերիների, անհետ կորածների ու կորսված դիրքերի պաշտոնական թվեր մինչ այս պահը հրապարակված չէ։