Էրդողանի փեսային ու ընտանիքին սոցցացնում վիրավորելու համար 11 մարդ է ձերբակալվել

Հեղինակ MediaLab

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ գրելու համար 11 մարդ է ձերբակալվել։ 

Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Հաղորդվում է, որ հետաքննության շրջանակներում պարզվել է վիրավորանքներ գրած 19 օգտատերերի ինքնությունը, որոնցից 11-ին հաջողվել է ձերբակալել։

Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ 

Կատարվածին հատուկ տեսաուղերձով անդրադարձել է նաև Էրդողանը՝ տեղեկացրելով. «Նման դեպքերը կանխելու համար Թուրքիայում սոցցանցերի գործունեությունը համակարգող իրավական նորմեր կմշակվեն»։ 

Այս մասին տեղեկացնում է www.ermenihaber.am-ը՝ հղում անելով Haber7 -ին։