Այդ պահին հասկացա՝ ոչ մեկին երբեք իրավունք չեմ տալու ոտք դնել երազանքներիս վրա․ Քրիստինե Հովսեփյան` դհոլի թագուհին

«Մեդիալաբի»՝ «Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Քրիստինե Հովսեփյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

«8 տարեկան էի, Ամանորին հորս ընկերոջ տուն էինք գնացել: Երեխաներով խաղում էինք, երբ սենյակի անկյունում նկատեցի պատյանի մեջ դրված դհոլը: Խաղալիքները մի կողմ թողեցի ու մոտեցա դհոլին: Վերցրեցի ու սկսեցի նվագել: 

Նվագել չէ, խփել, բայց անգամ դրա մեջ կար մի բան, որ ինձ անսահման դուր էր գալիս: Վերադարձանք տուն, ու նույն օրը ծնողներիս ասացի՝ ուզում եմ դհոլի գնալ: Նրանք, իհարկե, լուրջ չընդունեցին, մտածում էին՝ փոքր եմ, որոշ ժամանակ անց ոգևորությունս կանցնի: Որոշել էին խաղալիք դհոլ առնել, որ հավեսս հանեմ: 

Վերջին պահին հայրս փոշմանել էր ու ինձ համար իսկական դհոլ առել՝ տարիքիս համապատասխան, փոքր»,- ասում է Քրիստինե Հովսեփյանը, որի գեղեցիկ, խնամված, բարակ մատների տակ միշտ կոշտուկներ կան, որոնք ոչ թե նեղացնում, այլ երջանկացնում են, որովհետև վկայում են երազանքի կերտման ամենօրյա, չհոգնեցնող, սիրով արված աշխատանքի մասին: 

Ընտանիքը երբեք դեմ չի գնացել իր ընտրությանը, անգամ 8 տարեկանում։ Ծնողները սովորեցրել են չկասկածել երազելիս ու չկոտրվել, երբ ճիշտ է։ 

Դհոլը ձեռքին փոքրիկ աղջկան երթուղայինում հաճախ էին ավելորդ հետաքրքրությամբ նայում, հարցնում՝ ի՞նչ գործ ունես, դհոլն աղջկա գործ չէ: Այդ տարիքում, իհարկե, նեղանում էր, բայց թույլ չէր տալիս, որ կողքի կարծիքներն ազդեն իր վրա: 

«Մանկությանս ամենասարսափելի հիշողությունը, երևի, առաջին համերգիս հետ է կապված։ Աբովյանի դրամատիկական թատրոնում համերգ պետք է տայինք։ Ստուդիայի ղեկավարն ասաց, որ աղջիկները պետք է հագնեն սև կիսաշրջազգեստ, տղաները՝ տաբատ։ 

Բայց կար մի խնդիր․ կիսաշրջազգեստով դհոլ չես կարող նվագել։ Ես, բնականաբար, հագել էի սև տաբատ։ Երբ ղեկավարն ինձ տեսավ այդ տեսքով, սկսեց բղավել վրաս, պայման դրեց, որ տաբատով բեմ չեմ բարձրանալու։ 

Չեմ էլ հիշում, թե աղջիկներից ում կիսաշրջազգեստը հագա, լարված, կծկված, լացակումած բարձրացա բեմ ու սկսեցի նվագել։ Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ ոչ մեկին երբեք իրավունք չեմ տալու ոտք դնել երազանքներիս վրա»,– հիշում է Քրիստինեն։ 

Շուրջ 5 տարի Աբովյան քաղաքում դհոլի հաճախելուց հետո ուսումը շարունակեց «Երևանյան թմբուկներ» խմբում։ Այդ ժամանակ էր, որ իր համար մինչ օրս էլ անհասկանալի պատճառով թողեց դհոլը ու շուրջ երկու տարի գործիքին մոտ չգնաց:

«Հիմա չեմ կարող ասել, թե որն էր պատճառը, բայց սկսեցի չսիրել գործիքը։ Թմբուկ էի նվագում, ընդհանուր հարվածային գործիքներ, բայց դհոլին մոտ չէի գնում։ 

Որոշ ժամանակ անց մեջս մեղքի զգացում առաջացավ, որովհետև հասկացա, որ սկսել եմ վատ նվագել, ձեռքերս փակվել են։ Մինչև հիմա էլ շատ եմ ափսոսում այն ժամանակը, որ կորցրել եմ այդ ընթացքում»,– ասում է նա։ 

Պատմության շարունակությունը կարող եք կարդալ «Դափնե»-ի էջում: