Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին:

Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է բարերարի՝ Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Բնունիս համայնքի բնակիչներին և Ռոզա Մինասյանին եկեղեցու բացման առթիվ և բարերարին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգիրը՝ ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների նախաձեռնման, սեփական միջոցների հաշվին գիտանախագծային փաստաթղթերի մշակման, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված անձնվեր,  հետևողական և հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։