Հայաստանը` Ռուսաստանի ասեղի վրա. Ըստ մասնագետների, տնտեսությանը լավ օրեր չեն սպասվում

Հայաստանը` Ռուսաստանի ասեղի վրա. Ըստ մասնագետների, տնտեսությանը լավ օրեր չեն սպասվում
Հայաստանը` Ռուսաստանի ասեղի վրա. Ըստ մասնագետների, տնտեսությանը լավ օրեր չեն սպասվում

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ և Եվրամիության կողմից պատժամիջոցների ընդլայնումը, «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կանխատեսումներով, ծանր հարված կհասցնեն Հայաստանի տնտեսությանը:

«Հայաստանի ամբողջ տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Մենք չենք հասցրել դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ամբողջովին ռուսական էներգետիկ և ֆինանսական ասեղի վրա ենք: Հետևաբար, սա մեր երկրում կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 30-ին Հայաստանի կառավարությանն ու գործարար համայնքին ուղղված նախազգուշական հայտարարությամբ հիշեցրեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնվել են, և պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը ռիսկեր է պարունակում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շտապեց դատապարտել ամերիկյան կողմի այս նախազգուշացումը՝ հայտարարելով, թե «ԱՄՆ գործողություններում հստակորեն ուրվագծվում են առևտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր»:

Այս հայտարարությունից հետո Հայաստանի «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը պետք է պարզապես ի գիտություն ընդունել: Նրա խոսքով, հայ գործարարները ռուսական կողմի ետ համագործակցության ծրագրերը չեն պատրաստվում սառեցնել:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ այս պատժամիջոցների հետևանքը կլինի այն, որ Հայաստանի տնտեսությունը անկում կապրի:

Հայաստանում ներկայացված ռուսական բանկերը, վերլուծաբանի կարծիքով, իրենց գումարները Հայաստանից դուրս կտանեն:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես Հայաստանի վրա գործադրվող ճնշում:

«Դա ճնշում է Ռուսաստանի վրա: Հայաստանի վրա ճնշում է այնքանով, որ մեր երկիրը պետք է հետևի միջազգային նորմերին: Իսկ միջազգային նորմերին հետևելը ճնշում չէ, յուրաքանչյուր երկրի պարտականությունն է»,- ասում է նա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ԱՄՆ դեսպանատան նախազգուշացնող հայտարարությունը «դիվանագիտական նորմալ պահվածք» է որակում:

«Նրանք ուղղակի իրենց պարտքն են համարում զգուշացնել բոլորին, որ պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ հարաբերություններ ունենալիս հաշվի առնեն պատժամիջոցները»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Գևորգյանը:

Թե ինչ հետևանքներ կունենան Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Հայաստանի հատկապես բանկային համակարգի վրա, Հայկ Գևորգյանի խոսքով, դեռևս վաղ է ասել: Ըստ նրա՝ անգամ Հայաստանի Կենտրոնական բակը չի կարող այսօր պատասխանել այդ հարցին:

Հայտնի է, որ Հայաստանում Ռուսական երկու բանկ կա՝ «ՎՏԲ» բանկն ու «Առեկսիմբանկը»:

««Առեկսիմբանկի» հարյուր տոկոս բաժնետերը «Գազպրոմբանկն» է: Բայց անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը չի կարող ասել՝ նրանց գործունեությունը Հայաստանում դիտարկվում է որպես «Գազպրոմբանկի» գործունեությո՞ւն, թե՞ որպես «Առեկսիմբանկի»: Կենտրոնական բանկից թերևս որևէ մեկնաբանություն այս ուղղությամբ չկա, այնինչ ԿԲ պատասխանատվության դաշտում է գտնվում այդ հարցը»,- ասում է նա:

Միջազգային փորձագետներն արդեն իսկ հայտարարել են, որ պատժամիջոցները մեծ խնդիրների առաջ կկանգնեցնեն երկիրը եւ լուրջ հետեւանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության վրա: Ըստ գնահատականների, 2014-2016 թվականներին կիրառվող պատժամիջոցների հետեւանքով, Ռուսաստանն առնվազն 100 միլիարդ դոլար կկորցնի:

Թե ինչ ազդեցություն կունենան պատժամիջոցները Հայաստանի բանկայի համակարգի վրա, Հայկ Գևորգյանի խոսքով, այս հարցին կարող են պատասխանել միայն ԱՄՆ և Եվրամիության համապատասխան մարմինները, որոնք մշակել են այդ պատժամիջոցները:

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների խստացմանը զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է դադարեցվել: Մասնագետների կարծիքով՝ սա նույնպես բացասական ազդեցություն կունենան Հայաստանի համար:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ եթե Հայաստանը չկարողանա այդ պայմաններում Վրաստանի հետ հատուկ պայմանավորվածություն ձեռք բերել, ապա դա մեզ համար լրացուցիչ խնդիր կդառնա:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ նշում է, որ չի կարող միանշանակ ասել՝ արդյո՞ք Հայաստանի և Վրաստանի միջև էլ ազատ առևտրի ռեժիմը կվերանա:

«Դրանք ընդամենը խոսակցություններ են, բայց եթե վերանա այդ ռեժիմը շատ վատ կլինի: Բայց ես ավելի լավատես եմ և կարծում եմ, որ Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալու գործընթացը կձգձգվի: Համենայնդեպս, հույս ունեմ, որ այդ անդամագրումը Հայաստանի կառավարության նախանշած ժամկետներում տեղի չի ունենա»,- ասում է նա:

Հայկ Գևորգյանի խոսքով, քանի դեռ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանները վերջնականապես հայտնի չեն, դժվար կլինի միանշանակ պնդել, թե ինչ առևտրային ռեժիմ կլինի Հայաստանի ու Վրաստանի միջև, որովհետև այդ դեպքում Վրաստանը տարանցիկ է լինելու Մաքսային միության անդամ երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Այդ դեպքում, թե ինչ ռեժիմներ պետք է կիրառվեն այդ երկրներ ապրանքների մուտքի և ելքի համար, դժվար է այսօր կանխատեսել»,- նշում է նա:

Մարի Ներսեսյան

© Medialab.am