ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ

Փաստ է, որ Արցախի դեմ զինված հարձակումներին մասնակցող ահաբեկիչները, ջիհադիստները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում ևս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ, ջիհադիստներ: Միջազգային մի մարմնում վարույթ է սկսված՝ մեր դիմումի հիման վրա: Առնվազն պետք է արձանագրենք երեք կարևոր փաստ: Առաջին՝ փաստ է, որ կան ահաբեկիչներ և ջիհադիստներ, երկրորդ՝ այդ ահաբեկիչներն ու ջիհադիստները կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ և երրորդ՝ նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հիշեցրեց մի տեսանյութի մասին, որում սիրիացի ահաբեկիչը հավաքում է զենքերը և ոգևորված ասում՝ ինչ լավ է, որ այդքան շատ զինատեսակներ են ձեռք բերում, Սիրիայում այդպիսի զինատեսակներ ունենալու պարագայում մեծ հաջողությունների հասած կլինեին և ոգևորությամբ ասում, որ դրանք իրենց հետ կտանեն և կշարունակեն այլ երկրներում: