Գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ կազմակերպված խմբի կողմից պատվերով սպանության փորձ կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից երեք մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ երեք անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են, իսկ երրորդը՝ Երևանի, ինչպես նաև գործով ինքնությունները դեռևս չպարզված անձինք, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և անձի կողմից ստանալով Մելիք Մանուկյանի սպանության պատվերը, հանցանքը կատարելու համար միավորվել են կազմակերպված խմբի կազմում:

Կազմակերպված խմբի անդամները, ըստ դերաբաշխման, նախապես մշակված ծրագրի համաձայն, քրեական գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք են բերել ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված, ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք:

Քննությամբ պարզվել է, որ Մելիք Մանուկյանին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ  վերոհիշյալ երեք անձինք և նրանց հանցակիցները, 2019 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, միջոցներ են ձեռնարկել՝ պարզելու Մելիք Մանուկյանի աշխատանքի այցելելու, ընկերությունից հեռանալու հանգամանքները:

Այդ նպատակով վերջիններս, կոտրելով Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող չգործող ռեստորանային համալիրի սենյակներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել հիշյալ սենյակ և համոզվելով, որ սենյակի պատուհաններից հնարավոր է հսկել Մելիք Մանուկյանի աշխատավայրի՝ ապակե տարաների արտադրամասի և դրա ավտոկայանատեղիի անցուդարձը, այդ թվում` Մելիք Մանուկյանի կողմից ավտոմեքենայով հիշյալ արտադրամասի տարածք մուտք գործելու և դուրս գալու ժամանակն ու երթուղին,  պարզել են Մանուկյանի աշխատանքի այցելելու ժամը, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի, ավտոմեքենայում նրա զբաղեցրած տեղը և թե թիկնապահներն ինչ ավտոմեքենայով են նրան ուղեկցում:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, որոշելով հանցավոր արարքի կատարման վայրը, օրն ու ժամը, խմբի անդամները Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊ ընկերության ապակյա տարաների արտադրամասի հարևանությամբ, տեղադրել են ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքը, որը գործի դնելու նպատակով հիշյալ հատվածից դեպի իրենց թաքստոցն անցկացրել  են պայթուցիկ սարքը գործի դրնելու համար անհրաժեշտ շուրջ 58 մ երկարությամբ մալուխը` էլեկտրական հոսանքի աղբյուր հանդիսացող մարտկոցի միջոցով պայթյուն առաջացնելու համար:

Դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում,  երբ Մելիք Մանուկյանը, ավտոմեքենայում գտնվող երկու անձանց հետ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա երեք թիկնապահները «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել ապակե տարաների արտադրամասի տարածքից և երթևեկել Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ, հանցավոր խմբի անդամները, հետևելով ավտոմեքենաների շարժին, նշված ավտոմեքենաներում գտնվող անձանց, ինչպես նաև տվյալ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների կյանքի համար վտանգավոր եղանակով, գործարկել են կամուրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկ սարքը՝ առաջացնելով պայթյուն, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն ավտոմեքենաները՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից մեկի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝  դեռևս 2019 թվականի ապրիլի 11-ին հանցավոր խմբի անդամներից մեկը, իր մտերիմների հետ տեղի ունեցած հացկերույթի ժամանակ, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակչի հետ նախկինում առաջացած հարցերի պարզաբանման կապակցությամբ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով աջից քունքային և գագաթային շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով նաև հարվածել է նրա որովայնին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը` (քրեական գործերի միացումը և անջատումը) որոշում է կայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող հիշյալ քրեական գործը Մ.Մելիքյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հանցավոր խմբի անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

երկրորդին՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,    6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խմբի երրորդ անդամին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը բողոքարկվել է, և դատարանի՝  2019 թվականի դեկտեմբերի 27-իորոշմամբ նա արգելանքից ազատ է արձակվել:

Քրեական գործով երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գործարարի սպանությունը պատվիրողի, հանցավոր խմբի՝ դեռևս չպարզված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքն իրացրած անձի (անձանց) ինքնությունը, աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։