Լրատվական կայքերի այցելությունները նվազել են 20-40 տոկոսով. «Ընդհանուր հոգնածություն կա լրահոսից, որի մեծ մասը քաղաքական է»

Հայաստանում լրատվական կայքերի այցելությունները հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 20-40 տոկոսով։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Սա հիմք է տալիս ասելու, որ մարդկանց հետաքրքրությունը լրահոսի նկատմամբ նվազել է։

Եթե հաշվի առնենք, որ հայկական լրատվական կայքերի պրոդուկտի գերակշիռ մասը քաղաքական լուրերն ու հոդվածներն են, ապա պարզ է դառնում, որ մարդիկ ուղղակի հոգնել են քաղաքական բովանդակությամբ պրոդուկտից։

Սամվել Մարտիրոսյանը վերլուծել է իրավիճակը։ Եթե պատերազմի օրերին և հրադադարին հաջորդած շաբաթների ընթացքում մի քանի անգամ աճել էին լրատվականների, սոցցանցային ակտիվ օգտահաշիվների լսարանները, ապա հունվարին նվազում է արձանագրվել։ Առանձին կայքերի կտրվածքով այցելությունների նվազումը 20-40 տոկոս է կազմել։

«Լրատվականների այցելությունները հունվարին շատերի մոտ նվազել է համեմատած դեկտեմբերի հետ։ Երևում է, որ մարդկանց հետաքրքրությունը լրատվական բովանդակության հանդեպ անկում է արձանագրել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանից Ֆեյսբուքի յուզերների թիվը չի նվազել, Ինստագրամինը աճում է։ «Բայց բովանդակությունն ավելի ժամանցային, ընկերական է։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ ուզում են իրենց ընկերների գրածները տեսնել, քան այն, թե ինչ-որ քաղաքական գործիչ ինչ է հայտարարել։ Ընդհանուր հոգնածություն կա լրահոսից, իսկ լրահոսի մեծ մասը մեզ մոտ քաղաքականություն է»,- նշում է նա։

Որպեսզի պարզ լինի՝ կայքեր մուտք գործելով մարդիկ ինչ բովանդակությամբ լուրեր են կարդում, ըստ Մարտիրոսյանի, պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացվի։

Միաժամանակ, քանի որ հայկական ժամանցային կայքեր գրեթե չկան, դժվար է համեմատել՝ մարդիկ ժամանցային կայքե՞ր են ավելի շատ այցելում, թե՞ լրատվական բովանդակությամբ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ միայն կոնկրետ ուսումնասիրություններից հետո կարելի է հստակ ասել՝ մարդիկ հոգնե՞լ են քաղաքական բովանդակությամբ լրահոսից, թե՞ ոչ։

«Բայց եթե ընդունենք, որ որոշ փորձագետների դիտարկումներն այդպիսին են, կարող ենք հետևյալ պատճառները նշել։ Համար մեկ պատճառն այն է, որ, կարծում եմ, մարդիկ ահավոր հոգնած են այդ տեղեկատվական հոսքերից, որոնք կապված են այնպիսի քաղաքական զարգացումների հետ, որոնք մարդկանց տհաճություն են պատճառում։ Եվ առաջին հերթին խոսքը, իհարկե, պատերազմի մասին է»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը։

Նա հավելեց, որ իր կարծիքով, այդ միտումն սկսվել է դեռ նախքան պատերազմը, կապված է և՛ համավարակի, և՛ ոչ քաղաքակիրթ մրցակցության, և՛ հիմնականում վատ լուրերի գերակշիռ լինելու հետ։

«Բացի դրանից, կարծում եմ, շատ մեծ նշանակություն ունի նաև այն, թե ինչ լեզվով են մարդկանց հետ հաղորդակցվում քաղաքական լուրեր կամ կարծիքներ տարածողները։ Այդ լեզուն չի կարող չնյարդայնացնել մարդկանց։ Եվ որպեսզի իրենց պաշտպանեն այդ կարգի հոսքից, մարդիկ ուղղակի որոշակի հեռավորություն են ստեղծում իրենց և քաղաքական տեղեկատվության միջև»,- նշում է Նավասարդյանը։

Մասնագետի խոսքով՝ մյուս պատճառն այն է, որ մարդիկ այսօր ունեն շատ հոգսեր, կայքեր այցելելու ժամանակ չունեն։

«Մարդկանց հոգսերը և՛ անձնական են, և՛ կապված են իրենց մտերիմների հետ, և՛ այն մարդկանց հետ, որոնց դժվարին վիճակի մեջ մտնում են ու փորձում են օգնել, նույնիսկ եթե մինչ այս այդ մարդկանց չեն ճանաչել։ Այդ սոցիալական երևույթն այսօր Հայաստանում բավական տարածված է։ Եվ մարդիկ փորձում են օգնել փախստականներին, պատերազմից տուժած մարդկանց։ Մարդիկ տարված են այլ խնդիրներով, քան գերակշռում է համացանցում ու լրատվամիջոցներում»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am