Սոցիալական ոլորտի հայկական երկու գերատեսչությունների ամենօրյա համատեղ ջանքերի շնորհիվ արցախցիների բազում խորքային խնդիրներ են լուծվել. Թանդիլյան

Այսօր՝ ապրիլի 16-ին, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանն ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ Արցախի հարցերով խորհրդական Արաքսյա Գրիգորյանի մասնակցությամբ, քաղաքացիերի ընդունելություն են իրականացրել՝ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

Նախատեսված ժամանակից երկար տևած՝ 16:00-20:30-ը, ընդունելության ընթացքում, լսելով 60 քաղաքացու, երկու երկրների նախարարությունների պատասխանատուներն ի գիտություն են ընդունել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը, տեղում ներկայացրել դրանց լուծման եղանակները, առանձին դեպքերի առնչությամբ պայմանավորվել, ըստ անհրաժեշտության, իրականացնել փոփոխություններ գործող կարգավորումներում։

Այդ կապակցությամբ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սոցիալական ոլորտի հայկական երկու գերատեսչությունների ամենօրյա համատեղ ջանքերի շնորհիվ է միայն, որ հնարավոր է դարձել լուծել հետպատերազմյան իրավիճակում հազարավոր արցախցիների առջև ծառացած սոցիալական բազում խորքային խնդիրներ։

Հետպատերազմյան լայնածավալ ծրագրերը ավելի հասցեական և թիրախային դարձնելու շարունակական աշխատանքի միջոցով փորձում ենք լուծումներ գտնել առանձին խմբային և անհատական հարցերի համար։ Շնորհակալ եմ մեր թիմերին անտրտունջ և սրտացավ աշխատանքի համար»: