Հայաստանի 100-ից ավելի բուժհիմնարկներ յուրացրել են պետական փողերը

Հայաստանի 100-ից ավելի բուժհիմնարկներ յուրացրել են պետական փողերը
Հայաստանի 100-ից ավելի բուժհիմնարկներ յուրացրել են պետական փողերը

Հայաստանի 100-ից ավելի բուժհիմնարկներ պետբյուջեով դեղեր են ձեռք բերել շուկայական գներից մի քանի անգամ թանկ գներով: Օրինակ` հակաբորբոքային «Ցեֆտրիաքսոնի» գինն ընդամենը 190 դրամ է եղել, իսկ բուժհիմնարկները գնել են 850 դրամով, «Նատրիումի քլորիդը» ձեռք է բերվել 350 դրամով, երբ նրա գինը եղել է 150 դրամ, «Ամպլոդիպին» դեղի գինը եղել է 850 դրամ, սակայն որոշ հիվանդանոցներն այն ձեռք են բերել 4800 դրամով, մի քանի անգամ բարձր գներով են ձեռք բերվել նաեւ «Պրեդուկտալ», Տաուֆոն» «Դիլատրենտ» «Վերոշպիրոն» եւ մի շարք այլ դեղեր:

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)-ը ներկայացրեց պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի ձեռք բերման գործընթացի ուսումնասիրության 2-րդ փուլի արդյունքները, ըստ որի, ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 100-ը, ընդհանրապես մրցույթ չեն հայտարարել, եւ ինչպես հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, բուժհաստատությունների ղեկավարներն իրենք են որոշել, թե պետական փողերով ումից եւ ինչ գներով ձեռք բերեն դեղամիջոցներ. «Բուժհաստատությունները բարենպաստ պայմաններ են ստեղծել անբարեխիղճ տնտեսվարողների գործունեության համար: Մենք բացատրություն ենք պահանջել բուժհաստատությունների ղեկավարներից, որոնք հիմնականում պատճառաբանել են օրենսդրական պահանջների չիմացությամբ, սակայն մենք գտնում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»:

Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ մի շարք բուժհիմնարկներ պետպատվերով դեղեր ստացող հիվանդներին ուղարկել են միեւնույն դեղատուն, որտեղից հիվանդն անվճար ստացել է իր հասանելիք դեղը, իսկ պետությունը դրա համար վճարել է մի քանի անգամ բարձր գին:

Պարոն Շաբոյանի խոսքերով` ճիշտ է, այդ բացահայտված խախտումները սահմանափակում են մրցակցությունը, սակայն դրանք նաեւ մեծ վնաս են հասցնում պետական բյուջեին. «Այդ խախտումների հետեւանքով տեղի է ունենում պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործում, միջոցների վատնում: Հանձնաժողովի հաշվարկներով պետական բյուջեին վնաս է հասցվում տարեկան ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով»: Կարդալ ավելին