«Դրամի արժևորումը դրական ազդեցություն է ունեցել գնաճի տեմպերի զսպման առումով». Կարեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, ո՞րն է դրա պատճառը, ու ինչո՞ւ է այս վիճակն այսքան երկար շարունակվում, եթե համեմատենք ռուբլու հետ, որի փոխարժեքի նվազումը կարճ ժամանակ անց վերականգնվեց։

– Եթե ընդհանուր միջազգային ֆինանսական շուկան դիտարկենք, դոլարը բավականին արժևորվել է այլ արժույթների համեմատությամբ, իհարկե, բացառությամբ ռուսական ռուբլու և հայկական դրամի։ Բացի դրանից, դոլար-եվրո փոխարժեքը փոփոխվել է հօգուտ դոլարի, այսինքն՝ եվրոն հիմա ավելի է էժանացել դոլարի նկատմամբ, սա, իհարկե, պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրամիության կենտրոնական բանկերի վարած քաղաքականությամբ։

Համաշխարհային ֆինանսական շուկայում դոլարի՝ որպես միջազգային պահուստային արժույթի հուսալիությունն ավելի բարձր է եղել, քան եվրոյինը, ըստ այդմ դոլարի փոխարժեքը բարձրացել է, սակայն դա չի վերաբերում ռուսական ու հայկական արժույթներին՝ պայմանավորված հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմից բխող տարբեր գործոնների ազդեցություններով, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներով։

Այսինքն՝ դրա արդյունքում Ռուսաստանում բավական մեծ ծավալի արտարժույթի պաշարներ են կուտակվել, որոնք քանի որ այդ երկրում կիրառություն չունեն, որովհետև հիմնականում պետք է օգտագործվեին ԱՄՆ-ից, Եվրոպայից ու այլ երկրներից ներմուծումը ֆինանսավորելու համար, սակայն տնտեսական պատժամիջոցների հետևանքով ԱՄՆ-ից, Եվրամիությունից ու մի շարք այլ երկրներից ներմուծում՝ որպես այդպիսին չի իրականացվում, այսինքն՝ այդ դոլարի, եվրոյի կիրառությունը փաստացի հավասարվել է գրեթե զրոյի, ու ըստ այդմ այդ գումարները պետք է ինչ-որ ձևով արտահոսեին այլ երկրներ, հիմնականում Հայաստան, ինչը և ազդել է դրամի արժևորման վրա։

-Դոլարի ու եվրոյի արժեզրկումը կոնկրետ Հայաստանի Հանրապետության վրա ի՞նչ հետևանքներ ու ազդեցություններ է ունեցել։ Հայտնի է, որ փոխարժեքի տատանումներից հիմնականում դժգոհում են արտահանողները:

– Արտահանման վրա փոխարժեքի ազդեցությունն ավելի շատ կկարողանանք գնահատել կայուն տնտեսական վիճակում, երբ գնաճի բարձր տեմպեր չկան, ու չկան նաև այլ խանգարող գործոններ։ Այժմ համաշխարհային շուկայում մենք տեսնում ենք, որ ձևավորվել է ընդհանուր բարձր գնաճային միջավայր: Իհարկե, տարբեր երկրներում գնաճի տեմպերը տարբեր են, օրինակ՝ Ռուսաստանում 16-17%-ի միջակայքում է: Ընդհանուր Եվրամիության տարածաշրջանի երկրներում միջինացված ցուցանիշով մոտենում է արդեն 10%-ի, իհարկե, ըստ երկրների՝ այդ ցուցանիշը տարբեր է, բայց կան երկրներ, որտեղ գնաճը վաղուց արդեն երկնիշ է։ ԱՄՆ-ում է բավականին բարձր գնաճը՝ 8% և ավելի։

Արտահանման պարագայում պետք է հաշվի առնել կոնկրետ երկրում առկա գնաճի մակարդակը և՛ այդ երկրի արժույթի նկատմամբ, դրամի թե՛ արժևորման, թե՛ արժեզրկման տեմպերը։ Մեր հիմնական շուկան այս պահին Ռուսաստանն է, և արդեն իսկ ապրիլից, եթե չեմ սխալվում, գործարքները՝ միջպետական ու մասնավոր, պետք է կարգավորվեին ազգային արժույթներով, ու այս դեպքում, եթե Ռուսաստանում գնաճի տեմպը 16% է, բայց հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գրեթե չի արժևորվել, գտնվում է նույն մակարդակին, ինչ մինչև պատերազմն էր, կարծում եմ, որ արտահանողները որևէ խնդիր չեն ունենա, եթե իհարկե գնանշումներն իրենք ԱՄՆ դոլարով չեն կատարել։

Ինչ վերաբերում է այլ երկրներին, նորից եմ կրկնում, պետք է հաշվի առնենք այդ երկրներում առկա գնաճը։ Արտահանման վրա հիմնականում ազդում է փոխարժեքի անկայունությունը։

– Իսկ փոխարժեքի նվազման ընդհանուր ազդեցությունները որո՞նք են եղել, պարո՛ն Սարգսյան:

– Դրամի արժևորումը դրական ազդեցություն է ունեցել կոնկրետ գնաճի տեմպերի զսպման առումով։ Գնաճն անհամեմատ ավելի բարձր կլիներ, և Կենտրոնական բանկն ավելի կոշտ քաղաքականություն կվարեր, եթե դրամը նման կերպ չարժևորվեր, այսինքն՝ Հայաստանում կարող էր լինել ոչ թե 9%-անոց գնաճ, այլ, ենթադրենք՝ կարող էր լինել մոտավորապես Ռուսաստանի չափ: Սա իհարկե բավական մեծ հարված կլիներ մեր տնտեսությանը։

Ազդել է նաև պետական պարտքի սպասարկման վրա, որովհետև արտաքին աղբյուրներից ներգրաված պետական պարտքը ԱՄՆ դոլարով է, և դրամով սպասարկումը, բնականաբար, ավելի էժան է լինում։ Այս պայմաններում դա ևս հավելյալ օգուտ է տալիս մեր տնտեսությանը, թե որքան կձգվի այս իրավիճակը՝ չեմ ցանկանա կանխատեսում անել, բայց դա նախևառաջ կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, նաև՝ միջազգային շուկաներում տիրող իրավիճակից։

Եթե Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակը դիտարկենք համաշխարհային տնտեսության մեջ, ապա կարծում եմ, որ այսօր բավականին դրական տեմպերով ենք շարժվում։

– Գնաճը Հայաստանում նվազման միտում ունի՞, եթե համեմատեք նախորդ ամիսների ցուցանիշները։

– Գնաճը նվազել է, օգոստոսի տվյալներով, որը Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի 5-ին, տարեկան կտրվածքով գնաճի տեմպը նվազել է 0,2%-ով, այն, ինչ արձանագրվել էր օգոստոսի սկզբին, նվազել է 0,2%-ով, ինչի վրա հիմնականում ազդել է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, իսկ ընդհանուր առմամբ, գնաճն այժմ 9,1% է կազմում, իսկ հուլիս ամսվա նկատմամբ գնաճը կազմել է 0,2%։

Եթե հիմնական ապրանքային խմբերը դիտարկենք, օրինակ՝ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների մասով գնաճը կազմել է 12,5%՝ տարեկան կտրվածքով, բայց նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0,3%-ով։ Հագուստի ու կոշիկի մասով տարեկան կտրվածքով գնաճը 10,5% է, իսկ անցած ամսվա նկատմամբ նվազել է 0,1%-ով։ Կապի ոլորտում է տեղի ունեցել գնանկում՝ 0,1%, մնացած ոլորտներում ամսական տվյալներով գնաճ է գրանցվել, բայց ընդհանուր միտումը նվազման է գնում։

– Այսօր դրամի արժևորումը խնդրահարույց չէ՞, քանի որ, հիշում ենք՝ ահազանգեր կային այդ առումով։

– Սա ձևավորվել է կոնկրետ գործոնների ազդեցությամբ, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են, ու եթե որևէ կերպ փորձենք արհեստականորեն արժեզրկել դրամը, դա հետագայում կարող է լուրջ վնասներ հասցնել մեր ֆինանսական համակարգին ու տնտեսությանը։ Քանի որ նշեցի նաև, որ որոշ դեպքերում դրամի արժևորումը դրական ազդեցություն է ունեցել, կարծում եմ՝ չարժի այսօր որևէ կերպ դրան միջամտել։

– Պարո՛ն Սարգսյան, Հայաստանն արտաքին պարտքի առումով ի՞նչ վիճակում է գտնվում։

– Արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է, սակայն դրամային արտահայտությամբ նվազել՝ պայմանավորված դրամի արժևորմամբ։ Տնտեսական նման իրավիճակում պետական պարտքի ավելացումը, բնականաբար, անխուսափելի է, սակայն ընդհանուր տնտեսական իրավիճակը Հայաստանում, որ այս պահին տեսնում ենք՝ բավականին բարձր աճ է արձանագրվում, հուսադրող է։ Պետական պարտքը աճել է, բայց եթե դրամի վերածենք՝ նվազել է՝ պայմանավորված փոխարժեքով։

 -Իսկ տնտեսական աճի ցուցանիշները, որոնք ասացիք՝ բարձր են, սովորական քաղաքացին զգո՞ւմ է։

– Աճը բավական բարձր է, ու տարեսկզբի այն կանխատեսումները, որ արվում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, թե Հայաստանում շատ չնչին տնտեսական աճ էր կանխատեսվում՝ 1,3%-ի չափով, չիրականացավ, այսինքն՝ այն գործոնները, որոնք դրականորեն ազդեցին, է՛լ ավելի մեծ ազդեցություն ունեցան, ու այս պայմաններում տարածաշրջանում բավական մեծ աճի տեմպերով մեր տնտեսությունը գործում է, ու սա միանշանակ դրական կարող ենք համարել։

Իհարկե կան խնդիրներ, որովհետև այդ աճը բավական անհամաչափ է։ Առաջատար են ծառայությունների ոլորտը, շինարարության ու առևտրի ոլորտները, ինչպես միշտ։ Եթե արդյունաբերությունը բացարձակ իրական աճ գրանցեր, ապա անհամեմատ ավելի լավ կլիներ։ Այն ոլորտներում, որտեղ բավական բարձր է աճը, այնտեղ ներգրավված քաղաքացիները, բնականաբար, զգում են տնտեսական աճը, որովհետև այդ ոլորտներում եկամուտն էլ է աճում, իսկ այն ոլորտներում, որտեղ չկա աճ կամ ցածր է, բնականաբար, չեն զգա:

Եթե դրան գումարում ենք նաև գնաճը, այդ քաղաքացիները իրենց վրա չեն զգա տնտեսական աճի դրական ազդեցությունը։ Տնտեսական աճը պետք է համաչափ լինի, որպեսզի մենք կարողանանք խոսել տնտեսության համաչափ զարգացման ու ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի իրական բարելավման մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am