«9 հոգով մնացել ենք դրսում, ոչ տեր, ոչ տիրական». Ասկերանում տուն ու հույս կորցրած Գրիգորյանների բազմազավակ ընտանիքը հայտնվել է անորոշ վիճակում

66-ամյա Արշալույս Գրիգորյանը Արցախյան պատերազմի հետևանքով տղայի, հղի հարսի և 6 թոռների հետ Արցախից եկել է Հայաստան և ապաստանել Արմավիրում՝ Սարդարապատում։

Արցախի Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղում գտնվող նրա տունն ու հողատարածքը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայաստան վերադառնալով՝ Գրիգորյանը Արմավիրի մարզում տուն է վարձել բազմազավակ ընտանիքի համար, սակայն պատկերացում չունի, թե ինչպես է վճարելու տան վարձի գումարը, չգիտի նույնիսկ՝ պետությունը որևէ հարցով օգնություն տրամադրելո՞ւ է, թե՞ ոչ։

«Էստեղ տուն եմ վարձել, 50 հազար դրամ վարձն է, էստեղ ենք մնում ես, տղաս, տղայիս հղի կինը ու վեց երեխաները։ Ես, հլը ճիշտն ասած, գումար էլ չունեմ, չգիտեմ՝ պետությունը պիտի՞ վճարի, թե՞ մեր վրա պիտի մնա, չգիտեմ։ Չգիտենք էլ՝ ոնց պիտի վճարենք։

Ես տան տիրոջն ասեցի՝ նայենք հլը, եթե պետությունը օգնի՝ օգնի, եթե չէ, մի տեղ գտնենք, աշխատենք, էս թոշակն էլ 26000 դրամ է, երեխեքին էլ նպաստ կա՝ 70000 դրամ է, հարմարցնենք, պիտի տանք։

Հիմա մեզ օգնություն տվող էլ չկա, մի երկու անգամ գյուղապետարանն է թեթև օգնել, էդ է։ Հիմա խանութներից էլ պարտքով ենք բան վերցնում, էդ էլ մի կրակ»,- «Մեդիալաբին» պատմում է Գրիգորյանը։

Գրիգորյանն ասում է, որ բնակարանի տրամադրման, օգնության հարցով դիմել է պատկան մարմիններին, սակայն պատասխան չի ստացել:

«Դիմել ենք Արմավիրի մարզպետարան, ոչ բնակարանով, ոչ մի բանով չեն օգնել: Երևան էլ ենք դիմել՝ թեժ գծին զանգել եմ, բայց ոչ մի պատասխան, 9 հոգով մնացել ենք դրսում, ոչ տեր, ոչ տիրական»,- նշում է Գրիգորյանը։

Գրիգորյանների ընտանիքը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին՝ չմտածելով, որ այլևս հայրենիք վերադառնալու հնարավորություն չեն ունենալու, այդ պատճառով էլ տնից դուրս գալիս որևէ իր, փաստաթղթերից բացի, չեն վերցրել։

«Որ դուրս եկանք, ոչ մի բան չենք վերցրել, մենք, ախր, ոչ մի բան չգիտեինք, մտածում էինք՝ կռիվ ա, քառօրյայի պես, մի քանի օր կտևի: Ում մտքով կանցներ, որ էսպես կլիներ, գոնե վեշ կհանեինք։ Թողեցինք, եկանք, հետո իմացանք, որ հանձնվել է թուրքին։ Տան և հողի փաստաթղթերը կան»,- նշում է Արշալույս Գրիգորյանը։

Գրիգորյանը պատմում է, որ Արցախում հիմնականում հողագործությամբ էր զբաղվում, ուներ այգի, որտեղ աճեցնում էր բազմաթիվ մրգեր և ապահովում տան ապրուստը, իսկ այժմ հայտնվել է անորոշ վիճակում, չգիտի՝ վաղվա օրն ոնց է լինելու:

«4 սենյակոց տուն ունեի, անասնագոմ ունեի, 5 ու կես հեկտար սեփական հող ունեի, 100 հատ հավ, մի հատ այգի ունեի։

Ամեն ինչ աճեցնում էի, ինչ մրգեղեն հիմա գիտեք, ինչի անուն գիտեք, ինչ կերել եք մինչ էսօր, իմ այգու մեջ կար։

Բերում էինք, տունը լցնում էինք, Էդ ամեն ինչը մնաց թուրքին»,- նեղսրտած ասում է Գրիգորյանը։

Իսկ հիմա նշում է, որ ամեն ինչ թերի է՝ և՛ սնունդը, և՛ հագուստը, և՛ անկողնային պարագաները․ «Կեսը՝ ստեղից, կեսը՝ էնտեղից, յոլա ենք տանում»։

Շուտով կծնվի Գրիգորյանի յոթերորդ թոռը։ Արշալույս Գրիգորյանն ասում է, որ չէր ցանկանա՝ նոր ծնվող թոռնիկը և մյուս վեց թոռները վերադառնան Արցախ։ Նրանց ապագան Հայաստանում է պատկերացնում։ Ասում է, որ նախընտրում է, որ տան փոխհատուցումը ստանա և Հայաստանում տուն ստեղծի, ընդգծում է՝ ահ ու վախ կա, ինչպե՞ս հետ գնա:

«Տանեմ երեխեքին թուրքի բերան՝ ի՞նչ անեմ»,- «Մեդիալաբին» ասում է նա՝ հույս հայտնելով, որ պետությունից արձագանք է սպասում, փոխհատուցում, աջակցություն՝ կեցությունն ապահովելու և ընտանիքի համար որոշակիություն ունենալու համար։ 

«Ես ոչ մի տեղից չեմ կարողանում տեղեկանալ, թե ինչ պետք է լինի, Ստեփանակերտ տուն կտան, թե ինչ կանեն: Մեկը չկա, որ ինձ ուղղություն ցույց տա՝ ես հե՞տ պիտի գնամ, թե՞ ստեղ պիտի տուն տան, թե՞ փոխհատուցում պիտի լինի»,- վրդովված ասում է Գրիգորյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am