Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է արել Հայաստանին սպառազինություն չվաճառել. Factor

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ և կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հավելենք, որ այսօր Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցները տեղեկություններ ու տեսանյութ էին տարածել, թե Իրանի տարածքով, իբր, շարասյունով զենք է տեղափոխվում Հայաստան։

Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այդ համատեքստում ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկություններն ադրբեջանական կողմի մտահոգությունն են առաջացրել։

Թուրքիայի և Իսրայելի հետ ժամանակակից սպառազինության նորանոր պայմանագրեր կնքող և Հայաստանին ամենօրյա ռեժիմով սպառնացող երկրի ներկայացուցիչը նշել է, թե «Հնդկաստանի կողմից մահաբեր զենքի մատակարարումը Երևանին այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտներ է ստեղծում խաղաղության և անվտանգության համար Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ 

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիի ուշադրությունը հրավիրել «ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի որոշումը Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու վերաբերյալ»։