Կանենք մեզնից կախված ամեն ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, որում ասվում է.

«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում, երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք՝ շրջափակման մեջ գտնվելով, դուք զրկված եք տարրական իրավունքներից՝ տաք կացարաններից, ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից, կրթության իրավունքի լիարժեք իրացումից: Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է, հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը, որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը ուզում եմ հավաստիացնել, որ կանենք մեզնից կախված ամեն ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը: Ու թող այն, ի հեճուկս բոլոր դժվարությունների, պայծառ լինի: Աստծո աջը ձեզ հովանի»: